Երևանում բացվեց քանդակագործ և նկարիչ Արտո Չաքմաքչյանի ցուցահանդեսը
CultureԱռաջին անգամ Երևանում բացվեց հայ ականավոր քանդակագործ, նկարիչ «Մովսես Խորենացի» մեդալակիր Արտո Չաքմաքչյանիցուցահանդեսը:
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ցուցասրահներից մեկում հուլիսի 9-ին բացված «Արտո Չաքմաքչյան. վերածնունդ» ցուցահանդեսին ն երկայացված են վաթսունից ավել ստեղծագործական տարիներ գործող արվեստագետի նկարներին ու քանդակները:
Կահիրեում ծնված արվեստագետը քանդակագործությամբ սկսել է զբաղվել տասներկու տարեկան հասակում։ 1948 թ. ընտանիքով հայրենադարձել է Խորհրդային Հայաստան, որտեղ և ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանն ու Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործության բաժինը։ Սակայն, 1975 թ. Հայաստանից մեկնելով Կանադա՝ արվեստագետը վերադարձել է հայրենիք միայն անկախացումից հետո:
«Ժամանակները փոխվել են, այսօր ավելի ազատ ենք ցուցադրվում: Ուրախ եմ, որ արվեստը գնալով ավելի մեծ ազատություն է ստանում, որովհետև արվեստն է, որ պետք է մարդուն՝ ոչ թե ուտելիքը: Հարյուրից ավել արձան ունեմ, սակայն գեթ մեկ հատը չէի կարող բերել: Այստեղ ներկայացված է այն, ինչ կա Հայաստանում, իմ անձնական և մասնավոր հավաքածուներից», - նշեց Արտո Չաքմաքչյանը:
Մաեստրոն ուշադրություն հրավիրեց «Հայաստանի մուտքը» արձանին՝ որտեղ ձեռքերը դեպի երկինք պարզած մարդը կանգնած է ոչխարի վրա: Քանդակագոչծն այն մտադրվել է տեղադրելւ օդանավակայանի ճանապարհին:
Ցուցահանդեսին ներկայացված են նրա տարբեր տարիների ջրաներկով, թանաքով, նույնիսկ ֆլոմաստերով աշխատանքները, ինչպես նաև շարժումով և կյանքով լի բրոնզե արձանիկները:
Ցուցահանդեսի շրջանակներում արվեստագիտության թեկնածու Շուշան Վարդանյանը, ով երկար տարիներ զբաղվում է վարպետի արվեստով, ներկայացրեց նրա ստեղծագործական ուղին և անդրադարձավ նրա փիլիսոփայությանը և ուղուն: «Երբ նոր էի փորձում գրել Արտո Չաքմաքչյանի մասին, տեսա նրա՝ Նարեկացու արձանը և հասկացա, որ պետք է վերընթերցեմ «Նարեկ»-ը, այնուհետ նման կերպ մոտեցա նրա բոլոր ստեղծագործություններին: Շատ արագ էի հասկացել, որ Չաքմաքչյան արվեստագետի ստեղծագործություններին ծանոթանալու համար պետք է տիրապետել, ներ սուզվել այն ողջ փիլիսոփայական, հետաքրքրությունների ոլորտների մեջ, որը արվեստագետին է հետաքրքրել: Չաքմաքչյանից կարելի է սովորել աշխատասիրության յուրահատուկ տեսակ. առաջին օրն իսկ Եգիպտոսից Հայաստան գալով՝ նա փնտրում և գտնում է նկարչական ուսումնարանը, որտեղ էլ ընդունվում», - ընդգծեց Շուշան Վարդանյանը:
Տեսաբանը նաև նշեց, որ շատերը չգիտեն, որ վարպետը նաև մեծ տեսաբան է, հեղինակ է արվեստաբանական և տեսաբանական գրառումների:
«Արտո Չաքմաքչյան. վերածնունդ» ցուցահանդեսը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում բաց կլինի մինչև օգոստոսի 30-ը: