Անհարմար ա, որ Աշոտյանը թրիք ա բերում. Գասպարին դադարեցրեց հացադուլը
SocietyՀՀ նախագահի առանձնատան մոտ հացադուլ հայտարարելուց մեկ օր անց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր՝ հուլիսի 10-ին դադարեցրել է այն:
«Ես ուզում էի իմ բերած՝ «հացադուլ ընդդեմ կարծիք արտահայտելու իրավունքի ոտնահարման» պաստառով առերեսվել այն մարդկանց հետ, որոնք գիշերը բերում, գաղտագողի թրիք են լցնում իմ տան մոտ: Ուզում էի տեսնել՝ էդ մարդիկ համարձակություն ունե՞ն` գան, կանգնեն այստեղ ու անեն այն, ինչ գաղտագողի են անում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վարդգես Գասպարին:
Վարդգես Գասպարին նշեց, որ պատրաստվում է դիմում ներկայացնել պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին եւ Զարուհի Փոստանջյանին եւ խնդրել, որ նրանք իրենց ՀՀԿ-ական կոլեգաներին՝ Գալուստ Սահակյանին, Արմեն Աշոտյանին հորդորեն «թրիք չտանել իր տան մոտ»:
«Անհարմար ա, որ Աշոտյանը թրիք ա բերում: Չեմ ասում՝ անձամբ ինքն ա բերում, բայց իր համախոհներն են բերում»,- ասաց Գասպարին:
Վարդգես Գասպարին, որը պնդում է, որ իր քաղաքացիական ակտիվ գործունեության պատճառով են իր տան դիմաց գոմաղբ լցնում, պատրաստվում է դիմում ուղարկել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ եւ ՄԻՊ գրասենյակ՝ բողոքելով կարծիք արտահայտելու իրավունքի ոտնահարման դեմ:
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Վարդգես Գասպարին իր տան մոտ գոմաղբ էր հայտնաբերել: Դրանից հետո նա գոմաղբով լի ամանը նախագահի առանձնատան մոտ էր դրել, որից հետո նրան բերման էին ենթարկել: