ՀՀ Քաղաքաշինության նախարարությունը խորացնում է համագործակցությունը հայկական ԱԷԿ-ի հետ
SocietyՀՀ Քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենրտոն» ԲԲԸ-ն շարունակում է հանրապետության ատոմային ոլորտի սպասարկմանն ուղղված կոմպլեքսային աշխատանքները: Ներկայում կենտրոնի մասնագետներն ակտիվ աշխատանք են տանում ՀԱԷԿ-ի բանեցրած չոր վառելիքի պահեստարանի շինարարության և ընդլայնման շրջանակներում: Մասնավորապես, լաբորատոր և դաշտային պայմաններում իրականացվում է բետոնների բ աղադրիչների զուգադրությունը, որոշվում է դրանց որակն ու պիտանիությունը:
Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին կենտրոնից, կազմակերպությունների միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում իրականացվում է լաբորատոր փորձարկումների մի ամբողջ կոմպլեքս, որն իր մեջ է ներառում ցեմենտի, կվարցային ավազի, բազալտային խճի որակի ֆիզիկա-մաթեմատիկական և ֆիզիկա-քիմիական փորձարկումները, անց է կացվում ջրի և հավելումների քիմիական վերլուծություն, սահմանվում են բետոնների պահանջվող դասերի բաղադրությունները, իրականացվում է արմատուրայի փորձարկում:
Այս ամենի հետ մեկտեղ անց են կացվում մի շարք դաշտային փորձարկումներ. բետոնային գործարանում ստուգման են ենթարկվում բետոնի մշակված բաղադրիչները, իրականացվում է շինհրապարակում կիրառվող պատրաստի շինանյութերի փորձարկում և վերահսկողություն: Նշենք նաև, որ բետոնի ամրությունը սահմանելու նպատակով պատրաստվում են բետոնային նմուշներ փորձարարական աշխատանքների համար:
«Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենրտոն» ԲԲԸ-ն մտնում է ՀՀ Քաղաքաշինության նախարարության կազմի մեջ: Կենտրոնի գործունեությունն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում սեյսմակայուն շինարարության համակարգի կայացմանը` համապատասխանեցնելով այն միջազգային չափորոշիչներին: Կենտրոնը պարբերաբար զննում է շահագործման մեջ գտնվող ռազմավարական նշանակության շենքերն ու ճարտարագիտական շինությունները, (ատոմային կայաններ, քիմիական և մետաղագործական գործարաններ, կամուրջներ, ամբարտակներ, օդանավակայաններ և այլն), ինչպես նաև հասարակական և արտադրական նշանակության շենքերն և շինությունները, ճարտարապետական հուշարձանները: