Հանձնաժողովը կվերանայի Քրեական օրենսգրքի զինվորական հանցագործություններին վերաբերող որոշ հոդվածներ
SocietyԶինծառայողների քրեական պատասխանատվության նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների շրջանակում հուլիսի 10-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՊՆ և ԳՇ մի շարք վարչությունների պետեր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությանը հրավիրված է եղել նաև զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանը, քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ազգային բանակում կարգապահության առկա իրավիճակը, ինչպես նաև հանցակազմ պարունակող երևույթների և արարքների նվազեցման ուղղված միջոցառումները: Գնահատելով անցած տարվա ընթացքում կատարված աշխատանքները՝ խորհրդակցության մասնակիցները ընդգծել են արատավոր երևույթների դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտությունը:
Հընթացս քննարկվել է նաև Քրեական օրենսգրքում մի շարք զինվորական հանցագործությունների մասով որոշակի փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը: Այդ կապակցությամբ որոշում է կայացվել Քրեական օրենսգրքում զինվորական հանցագործություններ նախատեսող որոշ հոդվածներ վերանայելու նպատակով ստեղծել հանձնաժողով: Վերջինիս աշխատանքները կղեկավարի զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանը:
Խորհրդակցության շրջանակում քննարկվել են նաև ազգային բանակի և իրավապահ մարմինների համագործակցության ամրապնդմանը միտված հարցեր: Պաշտպանության նախարարը տվել է հստակ հանձնարարականներ և ցուցումներ: