Երիտասարդները Հայաստանում պայքարի նոր մշակույթ ձեւավորեցին. քաղաքագետ
SocietyՔաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Orer.am-ի հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով օրերս Բաղրամյանում եւ Ազատության հրապարակում տեղի ունեցող զարգացումներին, նշեց, որ թեպետ «Ո’չ թալանին» նախաձեռնության անդամների եւ մյուս կազմակերպիչների կողմից պայքարի ընթացքում հնչում էին կոչեր, թե պայքարը սոցիալակն բնույթի է եւ կապ չունի քաղաքականության հետ, այնուամենայնիվ, պահանջն ամբողջությամբ քաղաքական էր.
«Սկզբնական շրջանում դա պայքար էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, բայց պետք է նշեմ, որ դա քաղաքական պայքար էր, սակայն նկատենք, որ այն կուսակցականացված չէր: Պայքարի գրավչությունը չկուսակցականացված լինելն էր: Դրա համար էլ բազմաթիվ մարդիկ միացան պայքարողներին: Մարդիկ գործում էին կոնկրետ խնդրի շուրջ: Պայքարի դուրս եկածները չլայնացրեցին իրենց պահանջները, այդ իսկ պատճառով հասան ինչ-որ դրական արդյունքի:
Ճիշտ է, նրանց պահանջներն ամբողջությամբ չբավարարվեցին, բայցեւայդպես, բավական լուրջ արձագանքի արժանացան ոչ միայն մեր իշխանության կողմից, այլեւ գերտերությունների: Եթե ռեալ նայենք, ապա կնկատենք, որ դա քաղաքական պայքար էր: Ցանկացած հանրահավաք ունի քաղաքական ենթատեքստ, ինչ լոզունգ ուզում են ասեն»:
Ըստ քաղաքագետի՝ պայքարի ալիքը մարեց, քանի որ իշխանության կողմից եղան առաջարկներ. «Քանի որ եւ՛ ՀՀ նախագահը, եւ՛ վարչապետը ինչ-որ առաջարկություններ արեցին, պարզ է, որ լարվածությունը չէր կարող մնալ նույն մակարդակին, որը համարում եմ նորմալ: Այն մարդիկ, որոնք գնացին Ազատության հրապարակ, արդեն բարձրացնում էին քաղաքական հարցեր, դա նրանց իրավունքն է»:
Հարցին, թե արդյո՞ք երիտասարդները ձեւավորեցին քաղաքական նոր մշակույթ պայքարի դաշտում, Ս.Գրիգորյանը պատասխանեց. «Այո, երիտասարդները ձեւավորեցին պայքարի նոր մշակույթ Հայաստանում, այն է` երբ չես դնում իշխանության հեռացման հարցը, երբ հանդես չես գալիս ինչ-որ կոչերով, բայց հասնում ես նպատակիդ: Պետք է նկատեմ, որ մի լավ մշակույթ եւս ձեւավորվեց Հայաստանում` դա կենդանի պատ կազմելն է` բախումներից խուսափելու համար:
Գիտեք, մարդիկ արդեն հոգնել են այն սցենարներից, որոնցով շարժվում են մեր կուսակցությունները: Նկատենք, որ նրանք հավաքվում, գոռում-գոչում են, որ «տեսեք, իշխանությունները վատն են, դավաճան են եւ այլն», սակայն երիտասարդներն այդպես չվարվեցին, եւ դա ամենակարեւոր եւ ճիշտ քայլն էր»,- նկատեց քաղաքագետը:
Նա նաեւ համեմատական անցկացրեց Մայդանի եւ Բաղրամյանում բարձրացված ալիքի միջեւ. «Մենք տեսանք, որ Կիեւում` Մայդանում, ամեն ինչ սկսվեց հենց այսպես` դրվեց քաղաքացիական պահանջ, սակայն հետո դա քաղաքականացվեց: Պայքարների առաջին մասը բավական նման է, սակայն զարգացումները եղան տարբեր»:
Սոսե Չանդոյան