Երիտասարդ հայ ռեժիսորի Ցեղասպանությանը նվիրված ֆիլմը երկու տասնյակից ավելի փառատոնների է մասնակցել
SocietyԵրիտասարդ ռեժիսոր Համլետ Դուլյանի՝ երկու տասնյակից ավելի փառատոնների մասնակցած ու ցեղասպանությանը նվիրված «Ընկղմում կրակի մեջ» ֆիլմը կներկայացվի հայ հանդիսատեսին: Կաննի միջազգային կինոփառատոնի «Կարճամետրաժ ֆիլմի անկյուն» ծրագրում ցուցադրված կինոնկարն ընդգրկվել է երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Մենք կանք&raq uo; ծրագրում:
«Սա իմ առաջին պրոֆեսիոնալ ֆիլմն է: Ես շատ էի ցանկանում Ցեղասպանության թեմայով ֆիլմ նկարահանել: Ինձ ասում էին՝ պետք չի, 19 տարեկան ես, բարդ թեմա է քո տարիքի համար: Այս կինոն 17 րոպե է տևում, թուրքերեն է: Մտածեցի, որ ճիշտ քայլ կլինի, որովհետև դեպքերը տեղի են ունենում Օսմանյան կայսրությունում: Գլխավոր հերոսը թուրք զինվոր է»,Արմենպրեսի փոխանցմամբ՝ նշեց Համլետ Դուլյանը:
Երիտասարդ ռեժիսորի խոսքով՝ իր ֆիլմի հերոսը՝ Այդինը, պայքարում է ինքն իր դեմ, որպեսզի սպանի իր ծանոթ հայ ընտանիքին: «Ես չէի ցանկանում նկարահանել քարոզչական ֆիլմ, ուզում էի պատմություն ցույց տալ, որպեսզի դիտողն ինքն իր համար ընտրություն կատարի: Մարդկային պատմություն եմ ցանկացել նկարահանել, ինձ համար շատ կարևոր ֆիլմ է, շատ եմ աշխատել սցենարի վրա»,-նշեց նա: Համլետ Դուլյանի խոսքով՝ իր նախնիները գաղթականներ են Վանից և Մուշից:
«Իմ հոգին պահանջում էր նման ֆիլմ: Ֆիլմը 20 կինոփառատոնների է մասնակցել ՌԴ-ում, Կաննում է 2013-ին ներկայացվել: Հիմնականում դրական արձագանքների է արժանացել»,-նշեց նա: