«Չուգունը» դուրս է եկել շենքից եւ կրակել են. մանրամասներ սպանությունից (լուսանկար)
SocietyՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 35-ամյա Արթուր Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեից:
Այսօր՝ հուլիսի 14-ին, ահազանգ է ստացվել, որ Տիգրանյան 5 հասցեում հնչել են կրակոցներ։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ թիվ 5 շենքի դիմաց հրազենից կրակոցներ են արձակվել նույն հասցեի բնակիչ, 09.10.1980թ. ծնված Արթուր Հովհաննիսյանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։ Նախնական տվյալներով՝ կրակոցներն արձակվել են, երբ Ա.Հովհաննիսյանը, դուրս գալով շենքի մուտքից, գնացել է դեպի հարեւանությամբ կայանված իր ավտոմեքենան։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 4 պարկուճ, 1 գնդակ։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ եւ 235-րդ հոդվածների առաջին մասերով։ Մշակվել են մի քանի աշխատանքային վարկածներ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում այսօր՝ հուլիսի 14-ին, հնչել են կրակոցներ: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ 14.45-ին ահազանգ է ստացվել, խումբը մեկնել է դեպքի վայր:Առայժմ այլ մանրամասներ հայտնի չեն:
Հրազենային վնասվածքով Արթուր Հովհաննիսյանին տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է: Նա հայտնի է «Չուգուն» մականվամբ:

