Եթե բռնություն իրականացրած ոստիկանները չպատժվեն, նրանց նկարները կտարածվեն ողջ քաղաքով. «Ո՛չ թալանին» նախաձեռնություն
SocietyՈստիկաններին ու քաղաքացիներին ուղղված տեքստը հնչեցնելուց հետո «Ո'չ թալանին» նախաձեռնության անդամները, տարբեր ոստիկանների նկարներ ձեռքներին, սկսեցին իրազեկման ակցիան,- հայտնում է Orer.am-ը: Հավաքված ցուցարարները վանկարկում են «միացում, պատժեք, սթափվեք, ազատ անկախ Հայաստան» եւ այլ կոչեր:
Տեղեկացնենք, որ իրազեկման ակցիան իրականացվում է ոստիկանական շղթայի ուղեկցությամբ: Ցուցարարները պետք է անցնեն Մոսկվա կինոթատրոն-Թումանյան-Մաշտոց-Ամիրյան-Հանրապետության հրապարակ-Վազգեն Սարգսյան փողոցներով՝ դեպի ՀՀ Գլխավոր դատախազության շենք:
Նախաձեռնության անդամներից Մաքսը, խոսելով բողոքի ակցիայից, նշեց, որ իրենց ձեռքերում են գտնվում այն ոստիկանների նկարները, որոնք այս օրերի ընթացքում բռնի ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ: Ըստ նրա՝ եթե մեղավորները չպատժվեն, ապա այդ ոստիկանների նկարները կհայտնվեն քաղաքի տարբեր հատվածներում. «Թող նրանց տան անդամներն ու հարազատները տեսնեն, թե ինչով են զբաղված իրենց տան տղամադիկ աշխատանքային կամ ոչ աշխատանքային ժամերին»:
Նա նաեւ հավելեց, որ տիրապետում են որոշակի տեղեկատվության՝ բռնություն իրականացրած ոստիկանների մասին. «Մենք ունենք ոստիկաններից մի քանիսի մասին տեղեկություններ՝ աշխատանքի վայր, բնակության հասցե եւ այլն: Երբ հստակ տեղեկություններ ունենանք շատերի մասին, կհրապարակենք նրանց անունները, ու հանրությունը կիմանա, թե նրանք ով են եւ ինչով են զբաղվում:
Միգուցե այս ակցիայից հետո նրանք խելքի գան ու հասկանան, որ չի կարելի ժողովրդի հետ նման կերպ վարվել: Մենք պահանջում են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, որոնք բռնի ուժ կիրառեցին խաղաղ ցուցարարների նկատմամբ: Թող նրանց քրեական պատասխանատվության ենթարկեն. վերջին հաշվով նախադեպ պետք է լինի, եւ հրամանատարական կազմը աշխատողների հետ միասին պետք է հասկանան, որ իրենք կարող են ենթարկվել պատժի: Նրանք ամենակարող չեն, եւ չպետք է անեն այն, ինչ ուզում են, այլ պետք է առաջնորդվեն բացառապես օրենքով»: