Գյումրիում բացվեց Հայաստանում երկրորդ ներառական խաղահրապարակը
SocietyԳյումրիում բացվեց Հայաստանում երկրորդ, իսկ Շիրակի մարզում առաջին ներառական խաղահրապարակը:Նորավան թաղամասի՝ Բաղրամյան փողոցի վերջնամասում բացված խաղահրապարակից կարող են օգտվել բոլոր երեխաները: Խաղահրապարակի կառուցման նախաձեռնությունն «Ագաթ» հասարակական կազմակերպությանն է« իսկ տարածքն անվարձահատույց տրամադրել էր Գյումրու քաղաքապետարանը՝ ավագանու որոշմամբ: Ներառական խաղահրապարակը տարբեր հարմարեցված խաղերի համալիր է՝ նախատեսված ինչպես հաշմանդամություն չունեցող, այնպես էլ առողջական տարբեր խնդիրներ՝ լսողական, տեսողական, հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար: Խաղահրապարակի հատուկ կառուցվածքի շնորհիվ հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաները կկարողանան անվասայլակով օգտվել դրանցից, առանց կողմնակի անձանց օգնության: Ի դեպ, ծրագիրն իրականացվել և ֆինանսավորվել է Վիեննայում Միավորված Ազգերի Կանանց Գիլդիայի կողմից:
Ծրագիրը նպատակ ունի ապահովել հաշմանդամություն ունեցող երեխաների սահուն ու ներդաշնակ ինտեգրումն իրենց տարեկիցների շրջանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց կենտրոնի ուսուցիչ Աննա Ղուկասյանը, Գյումրու քաղաքապետարանը մեծ աջակցություն և ներդրում է ունեցել խաղահրապարակի տարածքի տրամադրման և բարեկարգման գործում: «Այս հրաշալի խաղահրապարակի կառուցման համար իր մեծ ներդրումն է ունեցել Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը: Ներառական խաղահրապարակը առողջ զարգացման ինքնատիպ հարթակ կդառնա տարբեր կարողություններով երեխաների համար, որտեղ նրանք խաղի և շփման հավասար հնարավորություններ կունենան: Այն եզակի է ոչ միայն Գյումրիում« այլև Շիրակի մարզում»,- նշեց Աննա Ղուկասյանը:
Արմենուհի Մխոյան