Արցախի Հանրապետության կառավարությունը կայացրել է մի շարք որոշումներ
SocietyԱրցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Արցախի կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում, պետական նոր կառավարչական հիմնարկների կազմավորմամբ պայմանավորված, նիստում հաստատվել են «ԼՂՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմ», «ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ», «ԼՂՀ կառավարության աշխատակազմ» և «ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկների կանոնադրություններն ու աշխատակազմերի կառուցվածքը: Փոփոխությունները զուգորդվել են հաստիքների կրճատումներով և ֆինանսական միջոցների տնտեսմամբ:
«Կառուցվածքային վերջին բարեփոխումների արդյունքում կատարվում են կրճատ ումներ, և մենք նպատակ ունենք, օպտիմալացնելով պետական կառավարման համակարգը, բարձրացնել դրա արդյունավետությունը: Բարեփոխման ընթացքը շարունակական է լինելու առաջիկա տարիներին, որպեսզի համակարգն աստիճանաբար համապատասխանեցնենք մեր հանրապետության պահանջներին: Դրան զուգահեռ մենք պետք է ստեղծենք այնպիսի պայմաններ, որ քաղաքացիները հնարավորություն ունենան աշխատելու տնտեսության մեջ»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
Արցախի վարչապետը հանձնարարել է փոխվարչապետին համապատասխան պաշտոնյաների հետ քննարկել և առաջարկներ ներկայացնել ՓՄՁ զարգացման ուղղությամբ, որոնք միտված կլինեն նաև կրճատվող քաղաքացիների զբաղվածության ապահովմանը:
«Գլխավոր ուշադրությունը պետք է դարձնել վերամշակման, արտադրության և ծառայությունների այն տեսակների վրա, որոնց պահանջարկը կա հանրապետությունում: Հատկապես գյուղմթերքների արտադրության և վերամշակման ուղղությամբ ունենք գրեթե անսահմանափակ ներուժ, որը պետք է հնարավորինս օգտագործվի: Անհրաժեշտության դեպքում ստեղծեք կրթական կենտրոններ՝ քաղաքացիների վերապատրաստման համար, ինչպես նաև պետք է ստեղծել վարկային արտոնյալ պայմաններ»,- եզրափակել է Արցախի կառավարության ղեկավարը:
Անդրադառնալով պետական կառավարման համակարգի ծախսերի կրճատմանը՝ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է նաև աստիճանաբար կրճատել ծառայողական մեքենաների քանակը: Վարչապետը, դիմելով պաշտոնյաներին, հորդորել է առավելագույնս խնայողաբար օգտվել ծառայողական մեքենաներից և դրանք օգտագործել միայն աշխատանքային նպատակներով: