Զարմացած եմ մեղադրողի անմարդկային եւ դաժան պատժաչափի պահանջից. Դոգ
SocietyԿենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության մայոր Վարդան Ղուկասյանի` Դոգի գործով հերթական դատական նիստը:
Մեղադրող կողմն իր մեղադրական ճառում 4 տարի 6 ամիս ազատազրկում պահանջեց դատարանից՝ շորթման եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ մեղադրվող Վ. Ղուկասյանի համար: Սակայն նույն գործով մյուս մեղադրյալներ Հովհաննես Եսայանի եւ Արթուր Մարգարյանի համար մեղադրողը պահանջեց 4 տարվա ազատազրկում:
Պաշտպանական կողմն էլ իր հերթին դատարանից խնդրեց մեղադրյալների նկատմամբ մեղմ պատիժ սահմանել, իսկ ավելի կոնկրետ՝ համաներմամբ ազատել նրանց պատժից, քանի որ մեղադրյալները ընդունել են իրենց մեղքը, պատրաստ են ազատության մեջ ուղղվելու:
Վարդան Ղուկասյանն իր պաշտպանական ճառում զարմանք արտահայտեց դատախազության խիստ մոտեցման համար. «Զարմացած եմ մեղադրողի անմարդկային եւ դաժան պատժաչափի պահանջից: Ես 15 տարի աշխատել եմ պաշտպանության բանակում եւ ոչ մի անգամ ոչ մի տիպի հանցագործություն չեմ կատարել: Հայաստանի Հանրապետության համար ես միայն դրական ծառայություն եմ մատուցել:
Հարգելի՛ դատարան, պատիժ նշանակելուց առաջ խնդրում եմ հաշվի առնել այն փաստը, որ իմ խնամքի տակ է գտնվում հաշմանդամ մայրս»:
Մեղադրյալի խոսքը լսելուց հետո դատարանը հետաձգեց դատական նիստը: Հաջորդ դատական նիստին մեղադրյալները հանդես կգան վերջին խոսքով:
Հիշեցնենք, որ մեղադրյալներից Վարդան Ղուկասյանը կալանավորված է, իսկ Արթուր Մարգարյանի եւ Հովհաննես Եսայանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Սոսե Չանդոյան