Էդգար Ղազարյանը հանդիպել է Վարշավայի և Համայն Լեհաստանի Ուղղափառ Մետրոպոլիտ Սավայի հետ
SocietyԼեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը Հայ առաքելական եկեղեցու լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ աբեղա Ծատուրյանի հետ hուլիսի 14-ին հանդիպում է ունեցել Վարշավայի և Համայն Լեհաստանի Ուղղափառ Մետրոպոլիտ, Նորին Ամենապատվություն Սավայի հետ: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում դեսպան Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Մետրոպոլիտ Սավային 2015թ. ապրիլի 4-ին Վարշավայի Մարիա Մագդալինայի Մայր տաճարում իր հանդիսապետությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ մատուցելու, ինչպես նաև 2015թ. ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասաման ծեսի ավարտից հետո՝ Երևանի ժամանակով 19:15-ին, Լեհաստանի տարածքում գտնվող բոլոր Ուղղափառ եկեղեցիներում ի հիշատակ Ցեղասպանության Սուրբ նահատակների զանգերի հնչեցնելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջեկեղեցական հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում հնարավոր համագործակցության հնարավորություններին: Դեսպան Ղազարյանը Մետրոպոլիտ Սավային է փոխանցել Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի՝ Էջմիածին այցելելու պաշտոնական հրավերը: