Ծիրանը Հայաստանում ամենաշատն օգտագործվող պտղատեսակն է
SocietyՀայաստանի բնակչության կողմից ամենաշատն օգտագործվող պտղատեսակը ծիրանն է: Դրա մասին են վկայում ՀՀ գյուղատնտեսության նախարարության իրականացրած վերլուծությունները: Հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանն ընդգծեց, որ Հայաստանում ծիրանը սկսում են օգտագործել դեռևս չհասած վ իճակից մինչև վերջին շրջանը, իսկ այնուհետև այն օգտագործում են չրերի տեսքով:
«Ծիրանը, կարելի է ասել, մեր երկրի բրենդն է, իսկ մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ այն մեր գյուղացիական տնտեսությունների, մեր բնակչության կողմից ամենաշատ օգտագործվող պտղատեսակն է: Ծիրանը շատ կարևոր նշանակություն ունեցող պտղատեսակ է մեզ համար, և շատ լավ է, որ այս տարի նպաստավոր պայմաններ եղան ծիրանի առատ բերք ունենալու համար»,Արմենպրեսի հաղորդմամբ՝ ասաց Գալստյանը:
Նա ընդգծեց, որ այս տարի ծիրանի ամենաառատ բերքը ստացվում է Արմավիրի և Արարատի մարզերում: Գյուղատնտեսության փոխնախարարը հիշեցրեց, որ անցած տարի Հայաստանում ծիրանի բերքատվությունը շատ ցածր էր, քանի որ բերքը ցրտահարվել էր՝ հավելելով, որ այս տարի ամեն ինչ գնում է նրան, որ ծիրանի բերքատվության առումով գերազանցվելու է 2013թ. բարձր բերքատվության ցուցանիշը:
Ծիրանի արտահանումը ևս այս տարին զգալիորեն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. հուլիսի 14-ի դրությամբ արտահանվել է 17 186 տոննա ծիրան նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց: