Երևանում 46-ամյա տղամարդու սպանության գործով մշակվել են մի քանի վարկածներ
SocietyՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 46-ամյա Համլետ Ասատրյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Հ. Ասատրյանի դիահերձման ընթացքում դատաբժիշկների կողմից հայտնաբերվել է 2 գնդակ. գանգի խոռոչում՝ 5.45 մմ տրամաչափի մետաղական 1 գնդակ՝ առանց տեսանելի դեֆորմացիաների, իսկ կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի մկաններում՝ 9 մմ տրամաչափի մասնակի դեֆորմացված գնդակ։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Դեպքի վայրի, դիակի զննությամբ վերցվել են փորձաքննության համար անհրաժեշտ նմուշներ, առգրավվել են դիակի հայտնաբերման ժամանակ նրա հագին եղած հագուստները, վերցվել բնակարանի մուտքի դռան փականը և փականի միջուկը։
Քրեական գործով մի շարք հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատանյութագիտական փորձաքննություններ։ Կազմվել է քննության պլան, մշակվել մի շարք աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ դեպքի հանգամանքները պարզելու, հնարավոր վկաներին, առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ:
2015թ. հուլիսի 12-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Օհանովի փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի նախասրահում հայտնաբերվել էր Հ. Ասատրյանի դին` հրազենային վնասվածքով: Նախաքննությունը շարունակվում է: