Սևանում կինը նկարահանել ու տարածել է իր ու երիտասարդ սիրեկանի սեռական հարաբերությունը
Society1in.am-ը գրում է.
Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Մկրտիչ Դ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ:
28-ամյա Մկրտիչը մինչև 14 տարեկան 3 երեխաների հայր է: Ընդ որում՝ 2 երեխաները՝ 11 և 10 տարեկան, նրա օրինական կնոջից են, իսկ կրտսեր երեխան՝ 2 տարեկան 6 ամսական, նրա հետ արտաամուսնական կապի մեջ գտնված 40-ամյա կնոջից է, ով տվյալ գործով հանդես է գալիս որպես տուժող: Չնայած ընդհանուր երեխայի առկայությանը, ում հայրությունը Մկրտիչը ճանաչել է դատարանի որոշմամբ՝ ինչպես ներկայացրեց տուժող Նելլի Ն.-ն (անունը փոխված է), Մկրտիչը մեղադրվել է մի քանի դրվագներով Նելլիին ծեծելու, դանակով սպանության սպառնալիքներ տալու համար:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հուլիսին Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի հարակից ճանապարհահատվածում կենցաղային հարցերի շուրջ Մկրտիչը վիճաբանել է նախկին սիրուհու՝ Նելլիի հետ, երկու և ավելի անգամ ձեռքերով հարվածել է Նելլիի մարմնի տարբեր մասերին, որից հետո դանակով մեկ անգամ հարվածել է նրա ազդրի շրջանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Այնուհետև, ըստ մեղադրանքի, 2014 թվականի նոյեմբերի 10-ի կեսգիշերին դեպի Սևան քաղաք տանող ճանապարհահատվածին հարակից դաշտում իր կողմից վարած «ՎԱԶ-2108» մեքենայում Մկրտիչը դարձյալ վիճաբանել է սիրուհու՝ Նելլիի հետ, բռունցքով , ապա ռետինե խողովակով հարվածել է նրա գլխին ու թևերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Բացի այդ, նույն վիճաբանության ժամանակ Մկրտիչը մեքենայի պահախցիկից հանել է դանակ, պահել է Նելլիի պարանոցին ու տվել է սպանության սպառնալիքներ:
Այս հանցադրվագների համար Մկրտիչ Դ.-ին մեղադրանք է առաջադրվել տուժողին ծեծելու, սպանության սպառնալիք տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով՝ 2 դրվագ, ու 137 հոդվածի 1-ին մասով: Դատարանում Մկրտիչն իրեն մեղավոր է ճանաչել բոլոր դրվագների համար ու միջնորդել է, որ գործը քննվի արագացված ընթացակարգով: Ընդհանուր իրավասության դատարանը բոլոր դրվագներով մեղավոր է ճանաչել Մկրտիչ Դ.-ին և վերջին հաշվով դատապարտել է 120 հազար դրամ տուգանքի: Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել տուժող կինը՝ Նելլին, ով նշել էր, թե ընդհանուր իրավասության դատարանը ակնհայտ մեղմ պատիժ է նշանակել Մկրտիչի նկատմամբ: Տուժողը պահանջել է Մկրտիչ Դ.-ին՝ իր կրտսեր երեխայի հորը, պատժել «օրենքի ամբողջ խստությամբ»: Վերաքննիչ դատարանում տուժող Նելլին նախ բացարկ հայտնեց մեղադրող դատախազին՝ պատճառաբանելով, թե դատախազը ակնհայտ կերպով պաշտպանել է ամբաստանյալ Մկրտիչին, նա ընդհանուր իրավասության դատարանում մեղադրական ճառում որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք՝ նշել է, թե Մկրտիչի խնամքին երեք անչափահաս երեխաներ կան, մինչդեռ Մկրտիչը իրենց ընդհանուր երեխայի համար բոլորովին հոգ չի տանում, նրան հայրություն չի անում: Ըստ տուժողի՝ մեղադրողը ճառում նշել է, թե Մկրտիչին ազատազրկել պետք չէ: Սակայն տուժողը երևի չգիտեր, որ Գեղարքունիքի մարզի դատարանում ևս դատական նիստերը ձայնագրառվում են, մեղադրողի ճառը ձայնագրառված է, ու նա Մկրտիչ Դ.-ի համար միջնորդել է ազատազրկման ձևով պատիժ, սակայն դատարանը Մկրտիչին դատապարտել է տուգանքի:
Շարունակությունը՝ այստեղ: