«Ֆրեսկո» փառատոնի կազմակերպիչներն այցել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
SocietyՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հուլիսի 15-ին ընդունել է արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի «Ֆրեսկո» միջազգային փառատոնի կազմակերպիչներին` գլխավորությամբ Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակի պատասխանատու, փառատոնի հոգևոր խորհրդատու Գերաշնորհ Տ. Բագրատ եպիս կոպոս Գալստանյանի և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի:
Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպման սկզբում Վարդան Սրբազանն Ամենայն Հայոց կաթողիկոսին է ներկայացրել «Ֆրեսկո» փառատոնի արձանագրած հաջողությունները` ուրախությամբ փաստելով նաև, որ այն անցկացվել է Հառիճավանքում, իսկ փակման հանդիսավոր արարողությունը կատարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ապա Նորին Սրբությանն իրենց երախտագիտության խոսքն են ուղղել փառատոնի կազմակերպիչները` շնորհակալություն հայտնելով Հայ առաքելական սուրբ եկեղեցու ցուցաբերած աջակցության համար: Այնուհետև Ամենայն Հայոց կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու պատգամն է փոխանցել «Ֆրեսկո» փառատոնի կազմակերպիչներին` կարևորելով վերջինիս նպատակը հոգևոր-մշակութային երկխոսության միջոցով հանրության մեջ նպաստել սիրո, համերաշխության ու մարդասիրական արժեքների ամրապնդմանը և հոգևոր արժեքների տարածմանը:
Շնորհավորելով փառատոնի անցկացման կապակցությամբ` Նորին Սրբությունը մասնավորապես ողջունել է երիտասարդության դերակատարությունը փառատոնի կազմակերպման գործում, ինչպես նաև այն, որ փառատոնը հնարավորություն էր ընձեռում սոցիալական խոցելի խավերի ներկայացուցիչներին մասնակից դառնալ միջոցառումներին: Ամենայն Հայոց կաթողիկոսը կարևորել է հանրության կյանքից ներս հոգևոր-բարոյական արժեքների զորացմանն ուղղված նման նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը:
Վերստին իր գնահատանքը հայտնելով հոգևոր ֆիլմերի փառատոնի նախաձեռնողներին` Նորին Սրբությունը բարի ընթացք է մաղթլց փառատոնին և վստահություն հայտնել, որ այն իր ծանրակշիռ և ուրույն տեղը կգրավի ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային մշակութային կյանքում: