Բնապահպանության նախարարության պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 2.58 մլն դրամ
EconomicsՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 2015թթ. հուլիսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի արդյունքում կայացվել է 880 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել է 3.63. մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես, բուսական աշխարհի պահպանության ոլորտում Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերով կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 268.2 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերած խախտման համար հաշվարկվել է 4.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում` Կոտայքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի որոշում: Երևանի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 115.2 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողերի պահպանության ոլորտում` Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործով կայացվել է 80 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 94.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ջրերի պահպանության ոլորտում` Տավուշի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 300 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 148 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 6.7 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:
Վայոց ձորի տարածքային բաժնի և ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված բեզոարյան այծի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 3 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հարուցվել է քրեական գործ:
Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված տիրազուրկ 10 հատ «կողակ» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է «Իջևանի ՍՈՍ մանկական ավան»: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 2.5կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար: Առգրավվել է նաև 4 հատ խեցգետնորսիչ: Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում, հաշվարկվել է 2 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ` ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2.58 մլն դրամ (տարվա սկզբից 149.58 մլն դրամ):