Աշխարհի ամենահայտնի լուսանկարի պատմությունը, որի հիման վրա կարելի է ֆիլմ նկարահանել
LifestyleBlognews.am-ը գրում է.
Աֆղան աղջկա այս լուսանկարը Սթիվ Մակքարին լուսանկարել է 1984թ.-ին։ Պատերազմի մասին նյութեր հավաքելու համար նա այցելեց Աֆղանստանի ու Պակիստանի սահմանին գտնվող փախստականների ճամբար, որտեղ տարրական դպրոցի շենքում լուսանկարիչն անսովոր հայացքով աղջկա նկատեց։ Ուսուցիչը պատմեց Սթիվին, որ աղջկա ծնողները սպանվել են նրանց գյուղի վրա հարձակման ժամանակ, իսկ նրան՝ իր եղբայրների, քույրերի ու տատիկի հետ, հաջողվել է փախչել։ Դրանից հետո ընտանիքը երկար ժամանակ ոտքով անցել է լեռներով՝ երկրի սահմանին հասնելու համար։ Լրագրողը լուսանկարել է աղջկան՝ նույնիսկ չենթադրելով, որ այս լուսանկարը նրան համաշխարհային հռչակ կբերի։ Շտապողականության մեջ նա նույնիսկ մոռացել է հարցնել աղջկա անունը։


Այն բանից հետո, երբ 1985թ․-ի հունիսին լուսանկարը տեղադրվեց «National Geographic» ամսագրի շապիկին, այն դարձավ հրատարակության պատմության ամենահայտնի լուսանկարը։ Այդ պահից ի վեր Սթիվը տարիներ շարունակ ամեն օր զանգեր ու նամակներ էր ստանում լուսանկարի աղջկա մասին։ Ընթերցողները ցանկանում էին նրան նյութական օգնություն ցույց տալ, որդեգրել, իսկ շատ տղամարդիկ նույնիսկ ցանկանում էին նրան կնության առնել։
Այս անսովոր լուսանկարն ամբողջ աշխարհում փախստականների խնդիրների խորհրդանիշն էր դարձել։ Հարյուրավոր նկարիչներ փորձում էին արտանկարել ցնցող հայացքով ու ծանր ճակատագրով աղջկա այս դիմանկարը։


Փախստական փոքրիկի ինքնությունը 17 տարի շարունակ անհայտ էր մնում, չնայած Սթիվ Մակքարին ամբողջ այս ընթացքում փորձում էր իմանալ, թե ինչպես է դասավորվել նրա հետագա կյանքը։ Միայն 2001թ․-ին՝ Աֆղանստանում թալիբանական ռեժիմի տապալումից հետո, հնարավոր եղավ սկսել աղջկան փնտրելու և գտնելու աշխատանքները։ «National Geographic» հրատարակությունն աղջկան գտնելու համար մի ամբողջ թիմ ուղարկեց, որը գլխավորում էր Մակքարին։ Նրանց ի վերջո հաջողվեց գտնել լեգենդար աղջկան, ում անունը, ինչպես պարզվեց, Շարբաթ Գուլա էր։ Նրանց հանդիպման ժամանակ նա արդեն մոտ 30 տարեկան էր։


Շարբաթը չգիտեր, որ ինքն այդքան հայտնի էր, սակայն հրաշալի հիշում էր լուսանկարի հետ կապված պատմությունը։ Ամուսնու թույլատվությամբ Շարբաթը բացեց դեմքը՝ հնարավորություն տալով նոր լուսանկարներ անել։ Լրագրողներին նա պատմել է, որ հայրենիք է վերադարձել դեռ 1992թ․-ին։ Այժմ նա ամուսնացած է և երեք դուստր ունի։ Երազում է, որ իր դստրերը կրթություն ստանան, որը նա այդպես էլ չկարողացավ անել։


