Գեղարքունիքի մարզպետը դրամական օգնություն հատկացրեց մոնղոլուհի Բայանդոլգոր Օյունչիմիկի ընտանիքին
SocietyԳեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հերթական աշխատանքային այցով եղավ Ճամբարակի տարածքի Կալավան, Դպրաբակ, Ձորավանք եւ Անտառամեջ համայնքներում:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` մարզպետը հանդիպում ունեցավ համայնքների ղեկավարների, ավագանու անդամների եւ բնակիչների հետ` տեղում ծանոթանալո վ բարձրացված հիմնահարցերին, կատարված աշխատանքներին, բուժկետերի եւ դպրոցների շենքային ու աշխատանքային պայմաններին:
Կալավանում եւ Անտառամեջում բնակիչներն առաջնահերթ համարեցին համայնքներ մտնող ճանապարհների նորոգման խնդիրը, ներկայացնելով, որ Դպրաբակից Կալավան եւ Ձորավանքից Անտառամեջ տանող գրունտային ճանապարհները դարձել են դժվարանցանելի եւ նորոգման խիստ կարիք են զգում, ինչն անհնար է իրականացնել տեղական բյուջեների սուղ միջոցներով: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հավաստեց, որ մարզին ՀՀ կառավարության կողմից հրատապ ծրագրերի իրականացման շրջանակներում գումար հատկացնելուն պես համապատասխան միջոցներ կտրամադրվեն ճանապարհների նորոգման համար: Անտառամեջ գյու ղում մարզպետը դրամական օգնություն հատկացրեց սոցիալ-տնտեսական ծանր վիճակում գտնվող, ճակատագրի բերումով այդ գյուղում հայտնված մոնղոլուհի Բայանդոլգոր Օյունչիմիկի ընտանիքին:
Համայնքների համար կարեւոր համարվեց նաեւ գյուղտեխնիկայի ձեռքբերման խնդիրը, ինչի հնարավոր լուծումը մարզպետը գտնում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Համայքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շրջանակներում:
«Նորոգ ճանապարհների եւ գյուղտեխնիկայի առկայության դեպքում հնարավոր կլինի զարգացնել ե’ւ տուրիզմը, ե’ւ անասնապահությունը, բարելավել մեր սոցիալական ու տնտեսական վիճակը»,-նշեցին կալավանցիներն ու անտառամեջցիները: Կալավանի բնակիչ, «Թայմլենդ « տուրիստական հիմնադրամի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը մարզպետին ներկայացրեց տուրիստական առաջիկա ծրագրերը, որոնք ոչ միայն Կալավանում, այլ նաեւ մարզի մյուս տարածքներում կխթանեն գիտական, գյուղական, գյուղատնտեսական եւ այլ ձեւերի տուրիզմի զարգացումը, հնարավորություն կտան ստեղ ծել նոր աշխատատեղեր, որտեղ հիմնականում ներգրավված կլինեն երիտասարդները: «Մեր կազմակերպությունում ընդգրկված են մեր համայնքի 12 ունակ երիտասարդներ, փորձում ենք համագործակցել նաեւ Ճամբարակի տարածքի մյուս համայնքներ երիտտասարդների հետ»,-նշեց Ռոբերտ Ղուկասյանը:
Մարզպետը հայտնեց իր պատրաստակամությունը` տուրիզմի զարգացումը եւ երիտասարդների զբաղվածությունը խթանող ծրագրերին աջակցություն ցուցաբերելու հարցում: Դպրաբակում մարզպետը հանդիպեց Դպրաբակի եւ Ձորավանքի միջնակարգ դպրոցի մանկավարժներին, զրուցեց նաեւ համայնքի բնակիչների հետ: Այստեղ հրատապ համարվեց դպրոցի շենքի տանիքի նորոգումը, սողանքից տուժած բնակարանների բնակիչներին փոխհատուցում տրամադրելու եւ խմելու ջրատարի 5 կիլոմետր երկարության արտաքին ցանցի կառուցումը:»Դպրոցի կտուրի նորոգման եւ սողանքից տուժած քաղաքացիներին փոխհատուցում տրամադրելու հետ կապված հարցերը մեր մասնագետների կողմից կուսումնասիրվեն տեղում, եւ հնարավորության դեպքում կձեռնարվեն համարժեք քայլեր, իսկ ջրագծի արտաքին ցանցի կառուցմանը կաջակցենք դոնոր կազմակերպության տրամադրած միջոցներով»,-խոստացավ մարզպետը:
Ձորավանքի դպրոցական շենքի ազատ տարածքում Դպրաբակի բուժամբուլատորիայի գործունեության հետագա կազմակերպումը մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը համարեց նպատակահարմար` մինչեւ վթարային վիճակում գտնվող ամբուլատորիայի շենքի ամրացման խնդրի լուծումը:
Խոսրով Խլղաթյան