Տաջիկստանը, Ղազախստանն ու Հայաստանը փոխանակում են սոցիալական պաշտպանության ոլորտի իրենց փորձը
SocietyԻնտեգրված սոցիալական ծառայությունների և սոցիալական պաշտպանության ոլորտում եռակողմ փորձի փոխանակման շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը 2015թ. հուլիսի 12-17-ը հյուրընկալել են Ղազախստանի և Տաջիկստանի պատվիրակություններին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարության պաշտոնյաները հնգօրյա այցի շրջանակներում պատվիրակությունների անդամներին ծանոթացրել են ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգին, դեպքի վարմանը, համայնքային սոցիալական ծառայությունների միջև համագործակցությանը, ինչպես նաև տեղական սոցիալական պլանավորման ասպեկտներին: Տաջիկ և ղազախ հյուրերն այցելել են Վեդի քաղաքի ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոն, որտեղ նրանց ներկայացվել է դիմումների միասնական ընդունման կարգը, դեպքի վարման մեթոդաբանությունը: Հյուրերը եղել են նաև Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում, «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնում, ծանոթացել տեղեկատվական նոր համակարգերին, ինչպես նաև «114» թեժ գծի ծառայության աշխատանքներին:
Պատվիրակությունների ներկայացուցիչները հինգ օրերի ընթացքում մեծ հետաքրքրությամբ ծանոթացել են բարեփոխումների ընթացքին: Նրանց խոսքով՝ իրենց երկրում ևս սոցիալական ոլորտի լուրջ բարեփոխումներ են իրականացվում և Հայաստանից ստացած գիտելիքները կօգնեն իրենց երկրում լուրջ ձեռքբերումներ ունենալ և գործնական լուրջ քայլեր ձեռնարկել:
«Մենք ոչ միայն տեսականորեն ենք ծանոթացել ոլորտում ընթացող բարեփոխումներին, այլև տեսել ենք, թե ինչպես են գործածվում դրանք կյանքում: Այսօր Ղազախստանում ևս սոցիալական ոլորտում ընթանում են բարեփոխումներ, ուստի մեր պրակտիկ գիտելիքները, թե ինչպես են գործում ինտեգրված կենտրոնները, ինչպես են աշխատում դեպք վարողները և հատկապես միասնական ընդունարանների գործարկումը, վստահաբար, կօգտագործենք ի նպաստ մեր երկրի սոցիալական ոլորտի զարգացման»,-նշել է Ղազախստանի պատվիրակության ներկայացուցիչ Շելպան Ուլմուխաբետվան:
Այցի ընթացքում ներկայացվել են նաև սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի մոնիտորինգի և գնահատման համակարգը, սոցիալական պաշտպանության համակարգի մակրոտնտեսական և բյուջետային ասպեկտները:
Տաջիկստանի պատվիրակության ներկայացուցիչ Կուրբանով Կուդրատուլոն չափազանց կարևորել է սոցիալական ոլորտում գործնականում Հայաստանի կիրառած փորձին ծանոթանալը: Տաջիկ ներկայացուցչին հատկապես հիացրել էր միասնական ընդունարանների գործարկման և սոցիալական ոլորտի ծրագրերի մոնիթորինգի և գնահատման մեխանիզմները: «Վստահ եմ, որ այս 2 կարևոր բարեփոխումները մեր երկրի սոցիալական պաշտպանության ոլորտում անպայման տեղ կգտնեն»,-իր խոսքում ընդգծել է Կուրբանով Կուդրատուլոն:
Պատվիրակությունների կազմում ներկայացված են եղել Ղազախստանի և Տաջիկստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների պաշտոնյաներ և ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ:
Փորձի փոխանակման նպատակով Հայաստան այցելած պատվիրակության անդամները այցի ավարտին վստահեցրել են, որ եռակողմ ուսումնական այցը լավագույն հարթակն է երեք մասնակից երկրների ներկայացուցիչների համար գիտելիքի, հաջողված փորձի փոխանակման և սոցիալական պաշտպանության ծրագրերի իրականացման գործընթացում նոր մոտեցումների ու մեխանիզմների մշակման համար: