Քաղաքացու տան բակում արմատախիլ են արվել կանեփի թփեր
SocietyՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (ԹԱՇԴՊՎ), Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, Նոյակերտ գյուղի սկզբնամասից Արարատի բաժին բերման են ենթարկել 1969 թվականի ծնված Գագիկ Մ.-ին և 1968 թվականի ծնված Վարշամ Բ.-ին՝ վերջինիս վարկծ «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Վարշամ Բ.-ի անձնական խուզարկությամբ և նրա վարած ավտոմեքենայի զննությամբ ոչինչ չի հայտնաբերվել: Գագիկ Մ.-ի գրպանից հայտնաբերվել է փայլաթղթե փաթեթ, որի մեջ առկա էր կանեփի յուրահատուկ հոտով 5.1 գ կշռով զանգված: Գագիկ Մ.-ն բացատրություն է տվել, որ թմրամիջոցը պատրաստել է Ավշար գյուղի իր տանը աճեցրած, մշակած և խնամած կանեփի բույսի թփերից: Վերջինս նաև նշել է, որ իր պատրաստած թմրամիջոցից հուլիս ամսվա սկզբներին երկու անգամ հյուրասիրել է Վարշամ Բ.-ին:
Գագիկ Մ.-ի տան բակից` hուլիսի 15-ին, ժամը 22.50-ին, ՀՀ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել, արմատախիլ են արել կանեփանման մշակված և խնամված բույս: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: