Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը Գեղարքունիքի մարզի հատվածում մոտենում է ավարտին
SocietyՎարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները ավարտին են մոտենում Գեղարքունիքի մարզի տարածքում, որտեղ վերջին 700 գծամետրի վրա այժմ կառուցվում է ասֆալտբետոնյե երկրորդ շերտը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի խաչմերուկից մինչեւ ԼՂՀ Շահումյանի շրջանի սահման ձգվող 22 կիլոմետր ճանապարհն ամբողջովին պատրաստ կլինի հուլիսի վերջին օրերին:
«Աշխատանքներն ավարտի հասցնելու համար այս տարի մնացել էր ընդամենը 740 գծամետր երկարությամբ ճանապարհի կառուցում, որի համար կառավարությունը հատկացրել է 118 միլիոն դրամ: Հուլիսի 16-ի դրությամբ տեղամասում ավարտված են հիմքի տեղադրման եւ ասֆալտբետոնի ներքին շերտի տեղադրման աշխատանքները: Մինչեւ հուլիսի վերջ կավարտվեն նաեւ ասֆալտբետոնե երկրորդ շերտի տեղադրման աշխատանքները»,-հավաստեց բաժնի վարիչը: Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Կապավոր» ՍՊԸ Վարդենիսի մասնաճյուղի շինարարները:
Խոսրով Խլղաթյան