Հայ առաքելական եկեղեցին նշում է Սբ. Թադեոս առաքյալի և Սբ. Սանդուխտ կույսի հիշատակի օրը
SocietyՀայ առաքելական սուրբ եկեղեցին հուլիսի 18-ին տոնում է Սբ Թադեոս առաքյալի և Սբ Սանդուխտ կույսի հիշատակի օրը: Հայ եկեղեցին Ս. Թադեոս առաքյալի հիշատակը տարվա մեջ ոգեկոչում է երկու անգամ, նախ Ս. Բարդուղիմեոս առաքյալի, ապա եւ Ս. Սանդուխտ կույսի հետ:
Սբ Թադեոս առաքյալը և Սբ Սանդուխտ կույսը Հայ եկեղեցու ամենանշանավոր տոնելի սրբերից են, քանի որ նրանց անվան հետ է մեծապես կապված հայոց լուսավորության պատմությունը:
Քրիստոսի համբարձումից հետո, համաձայն Տիրոջ պատգամի, թե` «Գնացե՛ք, քարոզե՛ք բոլոր հեթանոսներին...», Թադեոսը նախ գալիս է Եդեսիա, ի թիվս բազում հրաշքների՝ բժշկում նաև Աբգար թագավորին, և ապա՝ իրեն փոխարինող նշանակելով Եդեսիայում, անցնում է Հայոց Սանատրուկ արքայի տիրույթները: Այստեղ զանազան վայրեր քարոզելուց հետո բազմաթիվ հեթանոսների է քրիստոնեական հավատքի բերում, որոնք դառնում են հիմքը Հայ առաքելական սուրբ եկեղեցու: Գալով Արտազ գավառ` առաքյալը մուտք է գործում հայոց արքունիք և դարձի բերում արքայադուստր Սանդուխտ կույսին:
Իրազեկ դառնալով այս ամենին՝ Սանատրուկ հայոց արքան սկզբում հորդորում է դստերը ետ դառնալ հայրենի հավատքին, սակայն ապարդյուն: Զայրացած արքան թե՛ Թադեոս առաքյալին և թե՛ Սանդուխտ կույսին նետում է բանտ և դաժան տանջանքների ենթարկում: Արքունի իշխանազուն կառավարչի միջոցով արքայադստերը տարհամոզելու վերջին փորձը եւս ապարդյուն է անցնում: Քրիստոնյա է դառնում նաեւ կառավարիչը: Ի վերջո, արքայի հրամանով Թադեոս առաքյալը և Սանդուխտ կույսը նահատակվում են արքայական ամառանոց Շավարշավան գյուղաքաղաքում: