Դատական նիստերին չներկայացող դատավորի նկատմամբ սանկցիա չի կիրառվում
SocietyԼոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղասի Մկոյանը, Թովմա Մաթևոսյանի աղմկահարույց սպանության գործով ամբաստանյալին դատապարտելով 10 տարվա ազատազրկման, այնուհետև հաղորդում է ներկայացրել նրա հոր՝ Վանաձորի հիվանդանոցային համալիրի բժիշկ Նորիկ Մելիքյանի դեմ: Ըստ նրա հաղորդման՝ Նորիկ Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 20.03.2015թ.՝ ժամը 13:00-ի սահմաններում, ԼՄ ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրի թիվ 3 նիստերի դահլիճում, դատարանի նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, որը դրսևորվել է իր պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին` Աղասի Մկոյանին վիրավորելով, ինչն արտահայտվել է դատավորի հասցեին հնչեցրած` «տգետ» և այլ վիրավորական արտահայտություններով և սեռական բնույթի հայհոյանքներ տալով: Գործը մեղադրական եզրակացությամբ դատախազությունն ուղարկել է դատարան, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Դատական քննությամբ նշանակված դատական նիստերին, սակայն, տուժող ճանաչված դատավորը, պատշաճ ծանուցված լինելով, առանց հարգելի պատճառների, չի ներկայանում դատական նիստերին, ինչը, մեղադրյալի պաշտպան Գուրգեն Հարությունյանի խոսքով, դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու օրինակ է: Պաշտպանն իր մտահոգությունն է հայտնում դատավորի այս վարքագծի վերաբերյալ՝ համեմատություն կատարելով վերջինիս քննած՝ մեղադրյալի որդու գործի հետ:
«Դատավոր Մկոյանը Տիգրան Մելիքյանի վերաբերյալ քրեական գործով ամեն օր՝ օրը 2-3 նիստ անելով, առանց ծանուցելու ամբաստանյալի պաշտպաններին, դատական նիստ էր անում և պատճառաբանելով, որ պաշտպանները չեն ներկայանում, հեռացնում էր վարույթից: Նույն գործով նրա հաղորդման հիման վրա ապօրինի քրեական գործ է հարուցվել ամբաստանյալի հոր՝ Նորիկ Մելիքյանի նկատմամբ՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ, որն իբր թե դրսևորվել է իր պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ՝ դատավորին վիրավորելով: Դատարանը՝ նախագահությամբ Ս.Բաղդասարյանի, արդեն 4 դատական նիստ է արել՝ 2015 թվականի հունիսի 15-ին, 23-ին, 25-ին և հուլիսի 3-ին, բայց տուժող ճանաչված դատավորը, պատշաճ ծանուցված լինելով, առանց հարգելի պատճառների, չի բարեհաճում ներկայանալ դատական նիստերին, ինչը դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու օրինակ է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի պահանջով դատարանը պետք է դատական սանկցիա/ներ/ կիրառի նրա նկատմամբ և կայացնի բերման ենթարկելու մասին որոշում: Դատավոր Ս.Բաղդասարյանը, երևի զուտ ընկերական կամ գործընկերական հարաբերությունները հաշվի առնելով, ողջամիտ միջոց չի ձեռնարկում տուժող դատավորին դատարան ներկայացնելու համար ու չի կիրառում դատական սանկցիա: Եթե նման վարքագիծ փաստաբանը կամ մեկ ուրիշը ցուցաբերեր` դատարանը հաստատ սանկցիա կկիրառեր, իսկ քաղաքացու դեպքում՝ ոստիկանության ողջ մարզային վարչությունը կուղարկեր նրա հետևից: Ի վերջո անձը, ով դատավոր է աշխատում, պարտավոր է հարգել օրենքը կամ առնվազն իր գործընկերոջը, ով ամեն անգամ իր պատճառով հայտնվում է անհարմար վիճակում:
Միգուցե դատավոր Ա. Մկոյանը հասկացե՞լ է, որ սխալ հաղորդում է տվել ու այդ պատճառով էլ խուսափում է դատարան ներկայանալուց: Ով գիտի: Հուսով եմ, որ նա հասկացել է պաշտպանական կողմի նկատմամբ Տ.Մելիքյանի գործով թույլ տված իր խախտումները, իսկ Նորիկ Մելիքյանի գործով հաջորդ դատական նիստին կներկայանա և կտա ճշմարտացի ցուցմունքներ»,-ասում է պաշտպան Գուրգեն Հարությունյանը:
Ադրինե Թորոսյան