«Ապրեք երաժշտությամբ». հայ և իտալացի երաժիշտները մեկ բեմում համերգ կնվիրեն Արամ Ղարաբեկյանի հիշատակին
CultureԱրամ Ղարաբեկյանի 60-ամյակին նիվրված «Ապրեք երաժշտությամբ» բարեգործական խորագրով համերգը մեկ բեմում կհամախմբի հայ և իտալացի տաղանդավոր երաժիշտների` նրանց, ովքեր համագործակցում էին երջանկահիշատակ դիրիժորի հետ, նրանց, ում անունները հայտնի դարձան հայ երաժշտասեր հասարակությանն Արամ Ղարաբեկյանի շնորհիվ: Այս մասին հուլիսի 18-ին համերգին ընդառաջ հրավիրված ասուլիսին հայտնեց համերգի գե ղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեյանը:
«Արամ Ղարաբեկյանի 60-ամյակին նվիրված համերգը պետք է կրի այն երեք պայմանները, որոնք նա դնում էր իր բոլոր նախաձեռնությունների առջև՝ բարձր որակ, սեր և համախմբում: Վերջինս դուք տեսնում եք աշխարհի տարբեր ծայրերից բազմազբաղ երաժիշտների ներկայությամբ», Արմենպրեսի հաղորդմամբ` ասաց Տիգրան Հեքեյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայ անվանի դիրիժորի հոբելյանը նշելու և նրա հիշատակը ոգեկոչելու համար հուլիսի 19-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում ելույթ կունենան ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, իտալացի ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, թավջութակահար Սուրեն Բագրատունին, դաշնակահարներ Արմեն Բաբախանյանը, Տիգրան Համասյանն ու Սվետլանա Նավասարդյանը, «Հայաստանի փոքրիկ երգիչները» և այլ երաժիշտներ:
«Հայաստանն էր Արամի երազանքի երկիրը, և այդ երազանքը բերեց նրան Հայաստան՝ 90-ականների կեսերին: Այդ օրերին նրա Հայաստան տեղափոխվելը շքեղություն էր և մեծ նվեր մեր մշակույթի համար: Նա բերեց Հայաստան էլեգանտ արտիստի կերպարը, բեմական գեղեցիկ պահվածքի կուլտուրան, համերգներ կազմակերպելու բարձրաճաշակ ոճը, այն ամենը, ինչ պրոֆեսիոնալ հմտությունների և բեմական ներշնչանքի շնորհիվ տոնի էր վերածում Արամի յուրաքանչյուր համերգ», - ասաց դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը:
Դաշնակահարուհին հավելեց, որ Արամ Ղարաբեկյանը մեծագույն երևույթ էր. նրա օրոք Հայաստանի կամերային նվագախումբը եղավ հայկական կատարողական արվեստի կոթողներից մեկը: «Արամ Ղարաբեկյանի ժամանակաշրջանը կարելի է «Ոսկե դար» անվանել մեր կամերային նվագախմբի համար», - նկատեց Սվետլանա Նավասարդյանը:
Հիշատակի համերգի առաջին բաժնում առանձին ելույթ կունենան Արմեն Բաբախանյանը, Սուրեն Բագրատունին, Սվետլանա Նավասարդյանը, Արսեն Տեր-Տաճատյանը, Սերգեյ Խաչատրյանը, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և Լուկա Լուչինին, Տիգրան Համասյանը և Ֆեդերիկո Մոնդելչին: Իսկ համերգային ծրագրի երկրորդ հատվածում Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Ռոբերտո Մոլինելիի, Ռիչարդ Ադլերի և Ջորջ Գերշվինի ստեղծագործությունների կատարման համար երաժիշտները հանդես կգան առանձին խմբերով: Համերգի ողջ հասույթը կտրամադրվի Շուշիում կառուցվող միակ համերգասրահի համար երաժշտական գործիքների ձեռքբերման ֆոնդին: