31-ամյա տղամարդը մեղադրվում է անչափահաս զարմուհու նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ
SocietyԵրևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 31-ամյա տղամարդուն՝ իր քրոջ անչափահաս աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2015թ. հուլիսի 10-ին Երևանի մ ի բնակչուհուց ստացվել էր գրավոր հաղորդում՝ եղբոր կողմից իր մանկահասակ դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ։
Նախապատրաստված նյութերով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (12 տարեկանը չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը)։ Նախաքննության ընթացքում մանկահասակ աղջիկը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Նախնական տվյալներով՝ 2015թ. հուլիսի 9-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, հայերեն կարդալ-գրել չկարողանալու պատճառաբանությամբ մորեղբայրը երեխային կանչել է ննջասենյակ՝ օգնելու օգտվել համակարգչից:
Տղամարդն աղջկան խնդրել է ինտերնետի միջոցով փնտրել մերկ աղջիկների նկարներ, ապա անառակաբարո գործողություններ կատարել զարմուհու նկատմամբ։ Հուլիսի 15-ին տղամարդը ձերբակալվել է և որպես կասկածյալ ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հուլիսի 17-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Առաջադրված մեղադրանքում տղամարդն իրեն մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: