Սյունիքի մարզպետի գործով ԱԱԾ-ն պետք է պարզի մեղադրյալների կապը միմյանց հետ
SocietyՍյունիքի մարզպետի մահափորձի գործով Ազգային անվտանգության ծառայությունը պարտավորվել է պարզել մեղադրյալների կապը միմյանց հետ: Գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ իրենք միջնորդել էին պարզել մեղադրյալների կողմից միմյանց ճանաչելու հանգամանքը, քանի որ ակնհայտ է, որ Աթաջանյանը չի ճանաչել գործով մյուս մեղադրյալներին՝ Արա Բուդաղյանին և Վիտալի Մինասյանին: «Այդ մասով մենք միջնորդել էինք պարզել նրանց հեռախոսային խոսակցությունների կամ այլ շփումների առկայությունը, մեր միջնորդությունը բավարարվել է, քննչական մարմինը պարտավորվել է պարզել նրանց կապերը: Հատկանշական է, որ խմբի կազմում հանցագործություն կատարելու համար մեղադրելուց հետո է միայն փորձում պարզել՝ արդյոք նրանք ծանոթ եղել են»,-նկատեց փաստաբանը:
Վահան Հովհանիսյանը նշեց նաեւ, որ բավարարվել է նաեւ իրենց միջնորդությունը առերեսումներ անցկացնելու մասով, «սպասենք՝ տեսնենք՝ ում են գտնելու, որ առերեսեն»:
Դրանից բացի՝ երկուշաբթի օրը, ժամը 14.00-ին, Վերաքննիչ դատարանում, դատավոր Տեր-Ադամյանի նախագահությամբ կքննվի պաշտպանի բողոքը խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը եւ Արա Էմիլի Բուդաղյանը: