Հայաստանում սկսել են ջրի մաքրման սարքավորումներ արտադրել
Societynews.am-ը գրում է.
Հայաստանում ջրի մաքրման սարքավորումներ են արտադրում: «Քիմմաստեր» ընկերությունն առաջին սարքավորումը 2014 թվականի օգոստոսին տեղադրել է Իրանի հետ սահմանակից Ագարակ գյուղում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Քիմմաստեր»-ի մայր-ընկերության՝ «Մեդիսար» ՍՊԸ-ի ղեկավար Մանվել Գաբրիելյանը: Երկրորդ սարքավորումը տեղադրվել է Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրում:
Ընկերությունը մասնագիտանում է մինչեւ 700 մարդու սպասարկող սարքավորումների արտադրության մեջ: «Այդպիսի սարքավորում կարելի է տեղադրել, օրինակ, մեկ ձեռնարկությունում կամ գյուղում, եւ լուծել կոյուղաջրերի խնդիրը»,- հավելեց Գաբրիելյանը:
Սարքավորումները կարող են ջուրը մաքրել երեք մակարդակով. գետի ջրերի, կաթիլային ոռոգման եւ խմելու ջրի: «Իհարկե, հոգեբանական նկատառումներից ելնելով՝ ոչ ոք չի սկսի խմել մաքրված կոյուղաջուրը, բայց այն միանգամայն կարելի է օգտագործել տեխնիկական եւ ոռոգման նպատակներով»,- նշեց Մանվել Գաբրիելյանը:
Բացի ջրից, մեռած միկրոօրգանիզմներից պարարտանյութ է ստացվում: Արեւմուտքում այն շատ արդյունավետ է համարվում եւ վաճառվում է խանութներում: «Եթե ամբողջ երկրում մենք շուրջ երկու տասնյակ սարքավորում տեղադրենք, բավականաչափ նյութ կհավաքվի՝ այդպիսի արտադրություն հիմնելու համար»,- հավելեց ընկերության ղեկավարը:
Սարքավորման մի մասը՝ վերահսկիչ պրոցեսորները, ընկերությունը գնում է չեխական Topol Water-ից, մնացածը տեղում է արտադրվում:
Ընկերությունը եւս մեկ կայան տեղադրել է Մեղրի քաղաքի հիվանդանոցում: Նախատեսվում է առաջիկայում աշխատել Արմանիսի լեռնահարստացուցիչ կոմբինատի, ինչպես նաեւ մի քանի բուժկենտրոնների հետ: