Արամ Ղարաբեկյանի ընկերները բեմից երաժշտությամբ ապրելու կոչ արեցին
CultureԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում նույնիսկ աստիճաններին նստելու տեղ չէր մնացել. հայ երաժշտասեր հանրությունը եկել էր հարգանքի տուրք մատուցելու երջանկահիշատակ Արամ Ղարաբեկյանի հիշատակին: Նրա ծննդյան օրը հրաշալի առիթ էր ըմբոշխնելու հայ և իտալացի տաղանդաշատ երաժիշտների հիանալի կատարումները: Արամ Ղարաբեկյանի 60-ամյակին նվիրված «Ապրեք երաժշտությամբ» խորագրով բարեգործական համերգի ողջ հասույթը կտրամադրվի Շուշիում միակ համերգասրահի համար երաժշտական գործիքների ձեռքբերման ֆոնդին:
«Արամ Ղարաբեկյանը այն մարդն էր, ով հայտնի դարձրեց իմ անունը ողջ Հայաստանում: Երբ ես հաղթեցի Մեծ Բրիտանիայում Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթը, Արամ Ղարաբեկյանը կարողացավ ինձ այնպես ներկայացնել, որ ողջ Հայաստանը իմացավ իմ մասին՝ նույնիսկ երաժշտության հետ սերտ կապեր չունեցող մարդիկ», - ասաց ջութակահար Սերգեյ Խաչատրյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգի առաջին հատվածում Արմեն Բաբախանյանը կատարեց Ֆրեդերիկ Շոպենի` նրբությամբ և կրքով լի Սկերցո, Սուրեն Բագրատունին` թավջութակի քնքուշ հնչյուններով տարավ դեպի Յոհան Սեբաստիան Բախի աշխարհ: Արամ Ղարաբեկյանի հետ բազմիցս համագործակցող Սվետլանա Նավասարդյանը կատարեց Ռոբերտ Շումանի ստեղծագործություններից, իսկ Արսեն Տեր-Տաճատյանը մարիմբայի մոգական հնչյուններվ ներկայացրեց Քլեր Օմար Մուսսերի ստեղծագործություններից, Սերգեյ Խաչատրյանը՝ Էժեն Իզայի, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և Լուկ ա Լուչինին` Աստոր Պիացոլլայի, Տիգրան Համասյանը՝ հայ ազգային մեղեդիների համասյանական իմպրովիզացիան:
«Իմ հիշողությունները մաեստրոյի հետ շատ խորհրդանշական են, ես չեմ կարող մոռանալ այն օրերը, որ անցկացրել եմ նրա հետ այս հիասքանչ երկրում: Շնորհակալություն նրան` իր նվագախմբի հետ աշխատելու հնարավորություն ընձեռելու և Հայաստանում ինձ ճանաչելի դարձնելու համար: Երբեք չեմ մոռանա նրա մահվան մասին լուրը, սակայն աշխատում եմ դրական լույսերի մեջ հիշել նրան, քանի որ նրա մասին հիշատակը շատ կարևոր է ինձ համար», - ասաց բանդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին: Համերգի երկրորդ հատվածում երաժիշտները զույգ կամ եռյակներ կազմելով կատարեցին հայ և օտար երկրյա կոմպոզիտորների աշխատանքները:
Արամ Ղարաբեկյանը ծնվել է 1955թ. հուլիսի 7-ին, Թեհրանում: Սովորել է Բոստոնի «New England» կոնսերվատորիայում, որից հետո ուսումը շարունակել է Գերմանիայի Մայնց քաղաքում: Հանրահայտ Ս.Չելիբիդակեի աշակերտը 1983թ. հիմնել է Բոստոնի «Սինֆոնովա» նվագախումբը, որը ղեկավարել է մինչ 1991թվականը: Հայաստանի համար առավելապես դժվար ու մութությամբ լի տարիներին Արամ Ղարաբեկյանը, տեղափոխվելով Հայաստան, որպես գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` ղեկավարել է Հայաստանի պետական կամերային նվագախումբը:
Նա տարբեր տարիներ ղեկավարել է նաև Ուկրաինայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը ու Օպերայի և բալետի թատրոնը: Աշխատել է նաև Զագրեբի սիմֆոնիկ նվագախմբի հետ` որպես հրավիրված դիրիժոր: Հետագայում ղեկավարել է մի շարք նվագախմբեր` Հայաստանի և Ֆրեզնոյի ֆիլհարմոնիկ, Շրեվեպորտի, Հանգչջոուի և Զեջիանգի սիմֆոնիկ: 1988թ. արժանացել է ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների և խմբագիրների (ASCAP) մրցանակին, 1989թ.` Լյուսիեն Վուլսինի մրցանակին: Արժանացել է նաև Հարվարդի ասոցիացիայի երաժշտական մրցանակին, 2007թ.` ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: