Հայաստանում վերամշակողների կողմից արդեն մթերվել է 8594 տոննա պտուղ-բանջարեղեն
SocietyՀայաստանում վերամշակողների կողմից մթերվել է 8594 տոննա պտուղ-բանջարեղեն, որից 729 տոննան՝ բանջարեղեն, 7865-ը՝ պտուղ: Մթերված պտուղների հիմնական մասը կազմում է ծիրանը՝ 5767 տոննա: Այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
«Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում մթերվել էր 1538 տոննա պտուղ-բանջարեղեն, որից 617 տոննան բանջարեղեն, 920 տոննան՝ պտուղ: Անցած տարի այս ժամանակահատվածում մթերվել էր 112 տոննա ծիրան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց փոխնախարարը՝ հավելելով, որ 2014թ. պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող կազմակերպությունների կողմից մթերվել է 232 հազար տոննա պտուղ-բանջարեղեն և խաղող:
Անդրադառնալով մթերման գներին՝ Մակարյանը հիշեցրեց, որ անցյալ տարի խաղողի և լոլիկի մթերման միջին գները բարձրացել էին: «Մթերումների դիմաց կատարվող վճարումների վերաբերյալ վերջին 4-5 տարիներին բավականին առաջընթաց կա, որովհետև դա գտնվում է նախարարի և ընդհանրապես նախարարության աշխատակիցների անմիջական ուշադրության ներքո: Հիմնական մասը վճարվում են տեղում 10 բանկային օրվա ընթացքում կամ կազմվում են պայմանագրեր, և գումարները վճարվում են 2-3 ամսվա ընթացքում: Մինչև տարեվերջ մթերումների դիմաց գրեթե բլոոր գումարները վճարվել էին: Կային մեկ-երկու կազմկաերպություններ, որոնք խնդիրներ էին առաջացրել, սակայն դրանք ընդհանուր ծավալում շատ փոքր թիվ էին կազմում»,- ընդգծեց փոխնախարարը: