Հայաստանն այս տարի խոշոր ծավալներով դեղձի արտահանում կկազմակերպի
EconomicsԱյս տարի Հայաստանում սպասվող դեղձի բերքը համեմատաբար ավելի շատ կլինի նախորդ տարիների ծավալներից: Այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: «Որոշ մարդիկ մտավախություն են հայտնում դեղձի բերքի ծավալների հետ կապված, սակայն ես պետք է ասեմ, որ կան տեղեր, որտեղ բերքը լավ չէ, բայց համախառն բերքը համեմատաբար ավելի շատ է լինելու, քան նախորդ տարիներին: Գյուղատնտեսության նախարարն օրեր առաջ Տավուշի մարզում էր, որտեղ բավականին լավ բերք կա, իսկ դեղձի հիմնական մասը լինում է հենց Տավուշի մարզում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մակարյանը:
Նա նաև հայտնեց, որ այս տարի Հայաստանը խոշոր ծավալներով դեղձի արտահանում կկազմակերպի, ինչպես նաև կլինի դեղձի մթերում վերամշակող կազմակերպությունների կողմից: Անդրադառնալով դեղձի մթերման գներին՝ Մակարյանն ընդգծեց, որ մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ մթերման գինն ավելի ցածր չի լինի, քան նախորդ տարի էր: Նույն կանխատեսումը փոխնախարարն արեց նաև խաղողի մթերման գնի վերաբերյալ: