Մշակված երկարաժամկետ ծրագրի արդյունքում կունենանք հուսալի և կայուն էներգետիկ համակարգ. Զախարյան
Society«Հայաստանի էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թվականը) զարգացման ուղիները» խորագրով ծրագիրը կապահովի երկրի էներգահամակարգի կայունությունը և հուսալիությունը: Այդ մասին ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:«Գիտակցելով, որ զարգացման ծրագրերը կյանքի կարող են կոչվել միայն առողջ համակարգում, դեռ 2014թ. մայիսից խորը, բազմակողմանի վերլուծություն իրականացրեցինք ամբողջ էներգահամակարգում: Արդյունքում ձևավորվել է առողջացման ծրագիր, որը պետք է ապահովի էներգահամակարգի կայունությունը և հուսալիությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ արդեն մշակված էլեկտրական էներգիայի արտադրության, ներկրման, արտահանման և բաշխող էլեկտրական ցանցեր առաքման կանխատեսվող հաշվեկշռի կազմման կարգը դրվել է 2015թ. օգոստոսի 1-ից հաստատված էլեկտրաէներգիայի սակագների հիմքում, ինչը բացառելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ֆինանսական վնասների ձևավորումը:
Նախարարը նշեց, որ կառավարման համակարգում ներդրվել է վերահսկողության այնպիսի մեխանիզմ, որն անմիջապես կարձագանքի չնչին շեղումների ժամանակ, մշակվել են նաև էլեկտրաէներգետիկ համակարգի բարելավմանը, ներդրումների արդյունավետությանը, սպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի արդիականացմանը և կորուստների նվազեցմանն ուղղված առաջարկություններ, որոնց իրականացումը առաջիկա 1-2 տարիների ընթացքում` նախնական գնահատմամբ կբերի բաշխիչ ցանցերում փաստացի կորուստների նվազմանը` 1,5-2 տոկոսով:
«Այս ծրագրերի իրականացմամբ կունենանք անվտանգ, հուսալի և կայուն էներգետիկ համակարգ, անհրաժեշտ էլեկտրաէներգիայի արտադրություն ներքին շուկայի և արտահանման համար, կայուն ֆինանսական վիճակ, կանխատեսելի սակագներ և կորուստների կրճատում, սպառողներին մատարակարարվող էլեկտրաէներգիայի որակի բարձրացում, ինչը կխթանի բնակչության սոցիալական վիճակի բարելավմանը և բիզնեսի զարգացմանը»,- ընդգծեց Երվանդ Զախարյանը:
Հայաստանի էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ծրագիրը մշակվել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) աջակցությամբ և ֆինանսավորմամբ, ամերիկյան փորձագետների, նախարարության և էներգետիկայի ինստիտուտների մասնագետների մասնակցությամբ: Ծրագրի արդյունքները հիմնված են ամբողջ էներգահամակարգի օպտիմիզացիոն հաշվարկների վրա, հաշվի են առնված բոլոր էներգապաշարները (նավթամթերքներ, միջուկային, հիդրո, վերականգնվող, կենսազանգված, փայտ, ածուխ և այլն), արտադրող և փոխանցող ենթակառուցվածքները, սպառման բոլոր ոլորտներում (արդյունաբերություն, տրանսպորտ, բնակչություն, ծառայություններ, գյուղատնտեսություն) տեխնոլոգիաները: