«Ոտքի՛, Հայաստան» շարժումը Ոստիկանությանը բաց քննարկման է հրավիրում
Society«Ոտքի՛, Հայաստան» շարժումը ունեցել է մարզային հանդիպումներ: Ինչպես հայտնում է Orer.am-ը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց շարժման համակարգող խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանը.
«Մարզերում հանդիպումներ ենք ունեցել տարբեր խմբերի հետ և ընդհանոուր տպավորություն ունենք, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո կա մոլորություն, և հիմնականում մարդիկ կարծում են, որ էլեկտրաէներգիայի սականգնի հարցը լուծված է, ու եթե էլի խնդիր լինի, կլինի նորից քաղաքացիական պայքար»:
Դավիթ Սանասարյանը նշեց, որ այդ պատկերացումը սխալ է, ու Կառավարության կողմից ցանկացած սուբսիդավորում նորից ժողովրդի գրպանից է. «Օգոստոսի 1-ից հետո, երբ որոշումը մտնի ուժի մեջ, մենք այն կարող ենք չեղակել միայն դատական կարգով, ու դա դեպի փակուղի տանող ճանապարհ է: Հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 1-ը վճռորոշ պահ է: Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման սպառնալիքը հնարավոր է վերացնել մինչև օգոստոսի 1-ը՝ համատեղ ջանքերով բողոքի նոր ալիք բարձրացնելով»:
Դավիթ Սանասարյանը նաև նշեց, որ հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել խորհրդարանական և արտախորհրդարանական տարբեր ուժերի հետ՝ ակնկալելով, որ միասին կգան համաձայնությունների ու ընդհանուր կսկսեն ակցիան, սակայն մանրամասները խոստացավ հայտնել ավելի ուշ:
Շարժման համակարգող խորհրդի անդամ Անդրեաս Ղուկասյանը, խոսելով պայքարի եղանակների մասին, ասաց, որ և՛ հավաքների, և՛ փողոցներ փակելու միջոցով է ընթանալու պայքարը: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ի՞նչ ռեսուրսներով են փողոց փակելու, այն դեպքում, երբ վերջին հավաքը այդքան էլ բազմամարդ չէր՝ Դավիթը Սանասարյանը նշեց, որ վերջին անգամ եղել է ոչ թե բողոքի ակցիա, այլ քննարկում, ու իրենց ռեսուրսը ժողովուրդն է, որը կպայքարի իր իրավունքի համար:
«Ոտքի՛, Հայաստան» շարժման համակարգող խորհրդի անդամները նաև ՀՀ ոստիկանությանը հրավիրեցին դեմ առ դեմ քննարկելու իրենց հավաքների ազատության մասին վիճահարույց հարցերը. «Թող գան, վաղը դեմ առ դեմ բաց քննարկում անենք: Քանի որ օգոստոսի 27-31-ը շատ կարևոր ժամանակահատված է, երբ հանրությունն իսկապես ունի վերջին հնարավորություն բողոքարկել սակագների բարձրացման վերաբերյալ որոշումը և պահանջել դրա չեղարկումը, բնականաբար, այդ ակցիաների կազմակերպման հետ կապված անհրաժեշտ է նման քննարկում: Եթե նրանք չանեն այդ քայլը, վաղը մենք ինքներս որոշ պարզաբանումներ կանենք»,- նշեց շարժման համակարգող խորհրդի անդամ Անդրեաս Ղուկասյանը:
Անժելա Պողոսյան