Շամշադինի մեղրի ու հատապտուղների սիրիահարները օգոստոսին հրավիրվում են փառատոնի
CultureՇամշադինի անարատ մեղրն ու քաղցր հատապտուղները Տավուշի մարզի Բերդ քաղաք կտանեն բոլոր նրանց, ովքեր չեն կարող բաց թողնել արդեն ամենամյա դարձած Մեղրի ու հատապտուղների փառատոնը: Այն 2015 թվականին կանցկացվի օգոստոսի 16-ին` Խաղողօրհնեքի օրը, արդեն 4-րդ անգամ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` 2012 թվականից անցկացվող միջոցառմանը մասնակցում են Բերդի ու հարակից շրջանների մեղվապահները, գյուղացիական տնտեսությունները, տարբեր արտադրողներ: Փոքրիկ տաղավարներում նրանք այցելուներին են ներկայացնում իրենց արտադրանքը: Փառատոնի կազմակերպիչը «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամն է: Միջոցառումն ունի տնտեսական մեծ նշանակություն տարածաշրջանի համար, և կազմակերպիչների նպատակն է տարածաշրջանում խրախուսել մեղվաբուծությունը, մեղրի արտադրությունն ու իրացումը: Իսկ քանի որ անտառային տարածքները շատ են, բայց լիովին չեն օգտագործվում բնակիչների կողմից, փառատոնը նաև ձգտում է մեծացնել հետաքրքրությունը հատապտուղների մշակման, տնայնագործական արտադրությունների նկատմամբ: Փառատոնի նպատակն է նաև ապահովել տուրիստական հոսքեր գեղատեսիլ բնությամբ ու թարմ օդով հարուստ Տավուշ:
Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնն անց է կացվում Բերդի Սորանի այգում` երգի ու պարի, թատերական ներկայացումների, ուրախ զրույցների միջավայրում: Քանի որ փառատոնը համընկնում է Խաղողօրհնեքի հետ, իրականացվում է նաև խաղողի օրհնության կարգ:
Շամշադին` ներկայիս Բերդ քաղաքը գտնվում է Տավուշ գետի ձախ ափին, Երևանից հեռու է 202 կմ, մարզկենտրոնից՝ 69 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 10 կմ: Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +21C է: Շրջապատված է ոչ բարձր սարերով։ Քաղաքի մոտ գտնվում են 10-րդ դարի հայկական Տավուշ ամրոցի ավերակները, Նոր Վարագավանք և Խորանաշատ վանքերը, կիկլոպյան ամրոցը (մ. թ. ա. I հազարամյակ) և Բերդի թանգարանը։ Քաղաքից 2 կմ դեպի արևմուտք` Նավուր գյուղ տանող ճանապարհի ձախ կողմում, է գտնվում միջնադարյան Սուրբ Նշան եկեղեցին, որն անվանվում է նաև Մարիամ Մայրի վանք: 2014 թվականին Բերդում բացվեց նաև Սուրբ Գևորգ եկեղեցին:
Սորանի այգուց կարելի է տեսնել քաղաքն` իր դպրոցներով, շենքերով, տներով: Այստեղ է գտնվում նաև Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, որտեղ էլ քաղաքաբնակները հարգում են անմեղ նահատակների հիշատակը: Սորանի զբոսայգում է գտնվում նաև քաղաքի միակ թանգարանը, որտեղ պահպանվում են բերդեցիների նախնիներից մնացած հիշողությունները: