Մայքըլ Սկյուզը Հայաստանի գյուղոլորտի զարգացման պայման է համարում կենդանիների առողջությունն ու հողերի ճիշտ պարարտացումը
SocietyԵթե Հայաստանում գյուղատնտեսության անցած տասնամյակների ցուցանիշը համեմատենք վերջին մի քանի տարվա ցուցանիշների հետ, կտեսնենք, որ տարբերությունը շատ մեծ է: Եթե նման աճը շարունակվի՝ կիրառելով նոր տեխնոլոգիաներ, արտադրողականությունը բարձրացնելու համար նոր միջոցներ ու մեթոդներ, գյուղատնտեսությունը Հայաստանում կունենա պայծառ ապագա:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ամերիկայի ձայնը»-ի հետ զրույցում այս մասին ասել է ԱՄՆ-ի գյուղատնտեսության փոխնախարար Մայքըլ Սկյուզը, ով հանդիպել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ:
«Հանդիպումը շատ հետաքրքիր էր և կարևոր: Հայաստանի նախարարը նախ շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ի կառավարությանն ու գյուղնախարարությանը մեր կողմից Հայաստանին հատկացվող օգնության համար, քննարկեցինք այցի նպատակները: Այցը Հայաստանի նախարարությանն օգնելու մի նոր ծրագիր է: Քննարկեցինք Հայաստանում բրուցելոզով հիվանդության խնդիրը և այն վերահսկելու ծրագիրը, ինչպես նաև փոխշահավետ համագործակցության հարցեր: Առաջնայինը հիմա բրուցելոզի դեմ պայքարն է, ապա գյուղտնտեսությունում հաշվառման հարցը: Հաշվառումը չափազանց կարևոր է, ինչը թույլ է տալիս ոչ միայն գնահատել ներկան, այլ նաև կազմել նախագիծ՝ բարելավելու գյուղտնտեսության զարգացումը»,-նշել է ԱՄՆ-ի գյուղատնտեսության փոխնախարարը:
Անդրադառնալով այն հարցին, թե որն է Հայաստանում գյուղտնտեսության ամենաթույլ օղակը, որն ունի ԱՄՆ-ի օժանդակության կարիքը՝ Մայքըլ Սկյուզը նշել է. «Հայաստանի գյուղատնտեսությունը բարելավելու համար կարևոր նշանակություն պիտի տրվի կենդանիների առողջությանը և նրանց պայմաններին: Բերքատվություն բարձրացնելու համար հարկավոր է փնտրել տեխնիկական ու ոռոգման համակարգի նոր միջոցներ: Կարևոր է նոր կենսատեխնոլոգիական միջոցներով ճիշտ պարարտացումը, երբ ավելի քիչ ջուր ու թունավոր նյութեր են պահանջվում բերքն աճեցնելու ու միջատներից պաշտպանելու համա ր»:
Մայքըլ Սկյուզի խոսքով՝ ամերիկյան բիզնեսը միշտ էլ աշխարհի բոլոր հատվածներում որոնում է ներդրումներ իրականացնելու հնարավորություններ, ու շատ դեպքերում դրանք չեն զգում նախարարության աջակցույթան կարիքը: «Տարբեր ընկերություններում մենք հաճախ ենք իրականացնում ծանոթացման միջոցառումներ ու խորհուրդ տալիս նրանց նոր հարաբերություններ հաստատելու համար այցելել այս կամ այն երկիրը»,-հավելել է նա:
Դիտարկմանը, թե Հայաստանում հաճախ է գյուղերից մարդկանց արտահոսքի տեղի ունենում, ԱՄՆ-ի գյուղատնտեսության փոխնախարարն ընդգծել է, որ շատ ու շատ երկրներում, այդ թվում և ԱՄՆ-ում է նկատվում գյուղական վայրերից մարդկանց տեղաշարժը դեպի քաղաք աշխատանք ու բնակչության ավելի հարմար պայմաններ գտնելու նպատակով:
«Դրա հետադարձ ուղին գյուղատնտեսության շահութաբերությունը բարձրացնելն է, երիտասարդներին ցույց տալը, որ այս բնագավառն ունի ապագա: Շատ դեպքերում գյուղական կյանքը շատ ավելի լավն է»,-հավելել է նա:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում նշել է, որ կան համայնքները զարգացնելու առումով ԱՄՆ-ի հետ մեծ ծրագրեր:
«Հիմնականում նպատակաուղղված է սահմանամերձ և բարձր լեռնային համայնքներին օժանդակելուն: Համայնքներ, որտեղ հիմնականում անասնապահության ոլորտն է զարգացած»,-նշել է նա:
Սերգո Կարապետյանն ընդգծել է, որ պետք է շարունակեն և էլ ավելի խորացնեն համագործակցությունն ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Եվրամիության երկրների հետ:
«Մենք որպես շուկա դիտարկում ենք ոչ միայն ռուսական, Եվրասիական տնտեսական միության երկրների, այլև ԱՄՆ-ի և ԵՄ-ի շուկաները»,-հավելել է նա: