«Դա ամենալավ հանգիստն է». Անաիս Սարդարյան
LifestyleNews.am-ը գրում է.
Ամռան սեզոնն ասոցացվում է հանգստի հետ, երբ բոլորը շտապում են հավաքել ճամպրուկներն ու մեկնել հանգստանալու: Հետաքրքիր է իմանալ, թե հայտնիներն ինչպե՞ս են անցկացնում իրենց ամառային արձակուրդը: NEWS.am STYLE-ի զրուցակիցն այս անգամ դերասանուհի Անաիս Սարդարյանն է:
Ողջույն, Անաիս, ի՞նչ ծրագրեր ունեք` կապված ամառային արձակուրդների հետ: Որտե՞ղ եք պատրաստվում հանգստանալ:
Այս տարի չեմ պատրաստվում մեկնել հանգստի, քանի որ նկարահանումները մեզ մոտ դադար չեն ունենալու: Խոսքս եւ' սերիալի, եւ' նոր գեղարվեստական ֆիլմի մասին է, նաեւ ներկայացումներում եմ խաղում:

Իսկ չե՞ք հոգնում անընդհատ աշխատելուց եւ չե՞ք կարծում, արդյոք, որ ամառը չի տրամադրում աշխատել:
Երբ գրաֆիկին, ռեժիմին սովորում ես, տրամադրվում ես, բայց կցանկանայի հանգստանալ: Իհարկե, նկարահանումներից դուրս ազատ օրեր ունենում ենք, այնպես չի, որ ամբողջ օրը նկարահանման հրապարակում ենք անցկացնում, բայց այնպես էլ չի, որ կարող ենք երկրից դուրս գալ: Ազատ օրերին գնում եմ լողավազան, ամեն դեպքում հանգիստս վայելում եմ:
Առհասարակ, ի՞նչ հանգիստ եք նախընտրում:
Որը որ ընտանիքիս հետ է, դա էլ նախընտրում եմ: Ընդհանրապես, կապ չունի` պասիվ կլինի, թե ակտիվ, կարեւորը` լինեմ ընտանիքիս կողքին` մայրիկիս, քույրիկիս եւ նրա երեխաների, որոնք որ ներկա պահին իմ կողքին են` Երեւանում: Դա ամենալավ հանգիստն է: Ամեն դեպքում, փորձում եմ համատեղել աշխատանքը եւ հանգիստը:
Զրուցեց` Շ. Շուշան