Քաղաքացին փորձել է անօրինական ճանապարհով թմրամիջոց և զենք անցկացնել սահմանով
SocietyԵրևանի բնակիչ Արմեն Շարաֆյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետի և 215-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով մեղադրանքներ են առաջադրվել: Այս մասին Արմենպրեսին հայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից:
Արմեն Շարաֆյանը 2014 թվականի հոկտեմբերի 27-ին գտնվելով Թուրքիայի Հանրապետությունում, քննությամբ չպարզված անձից ձեռք է բերել խոշոր չափի` 1.7 գրամ քաշով «հաշիշ» տեսակի թմրամիջոցը, այն պոլիէթիլային փաթեթի մեջ փաթեթավորված թաքցրել իր գրպանում: Բացի այդ, նույն ժամանակահատվածում Թուրքիայի Հանրապետությունում, դարձյալ քննությամբ չպարզված անձից ձեռք է բերել «Ekol Special 99» տեսակի EU1470656 գործարանային համարով ազդանշանային զենք և թաքցրել իր ուղեբեռում:
2014 թվականի հոկտեմբերի 10-ին հիշյալ ազդանշանային զենքը, ինչպես նաև «հաշիշ» տեսակի թմրամիջոցն իր անձնական գործածման համար, առանց իրացնելու նպատակի, Թուրքիայի Հանրապետությունից մաքսանենգությամբ` մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով` սահմանված հատուկ կանոնները խախտելով, ՀՀ Ֆինանսների նախարարության Բագրատաշենի մաքսակետով ապօրինի տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն:
Վերը նշված քրեական հոդվածներով մեղադրյալին սպառնում է երեքից ութ տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը Արմեն Շարաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը: