Անտոնիո Վիվալդիի «Storm» ստեղծագործությունը` «կարեն-սևակյան» ոճով
LifestyleԵրևանում երաժշտական ոլորտում հայտնի Karen Sevak prodaction -ը ներկայացնող երաժիշտները երկար տարիներ համագործակցում են: Նրանք պարբերաբար ներկայացնում են գործիքային կատարումներ, որոնք տևական ժամանակ մնում են շատերի ուշադրության կենտրոնում: Թե ինչպես է դա նրանց հաջողվում, պարզեցինք երաժիշտ Կարեն Համբարձումյանից:
-Վաղու՞ց եք միասին աշխատում, երաժշտական ճաշակի անհամատեղություն, տարաձայնություններ ունենո՞ւմ եք:
-Մեր հաջողության առաջին գրավականը երևի թե այն է, որ երաժշտական առումով ճաշակը, մտածելակերպը գրեթե նույնն է: Քննարկումներ, տարաձայնություններ լինում են ու հիմնականում դրանք ավարտվում են ի նպաստ գործի:
-«Թանկանոց» երգիչները միշտ Ձեզ են դիմում նոր երգի գործիքավորում անելու համար, ո՞ր դեպքերում կմերժեք պատվիրատուին:
-Նման դեպք դեռ չի եղել, երբ լսում ենք նոր գործը, բնականաբար լսում ենք նաև իրենց առաջարկությունները, ու եթե համակարծիք ենք լինում` ինչու ոչ: Լինում է նաև, որ լիարժեք թողնում են մեր պատկերացմանը և սպասում են արդյունքին:
-Կան երգիչներ, որոնք իրենց երաժշտական մուտքը, կարիեռայի սկիզբը վստահում են Ձեզ, դուք նաև պրոդյուսինգ եք անում:
-Այո, կան երգիչներ, որոնց մենք ենք ներկայացնում: Դա շատ ավելի ծանր, պատասխանատու գործ է, քանի որ զբաղվում ես արտիստի ամբողջական կերպարով և պետք է արդարացնել այն հույսը, որի համար դիմել է մեզ:
-Ի վերջո, դուք հանդես եք գալիս գործիքային կատարումներով: «Դեպի տուն» ստեղծագործությունը սիրվեց: Երեկ համացանցում հայտնվեց Ձեր մատուցմամբ Ա. Վիվալդիի «Storm» -ը , ինչո՞վ է այն տարբերվում youtube- ում առկա մյուս տարբերակներից:
-Տարբերություններ, իհարկե, կան, նախ այն, որ ջութակ գործիքի փոխարեն ջութակը հնչում է ստեղնաշարային գործիքով, տարբեր է նաև ռիթմային առումով և ներկայացված է Կարեն-Սևակյան ոճով: Ուրախ կլինենք, եթե այս աշխատանքը նունպես արժանանա երաժշտասերների հավանությանը:
Լուսինե Արշակյան