Բնակարանային վեճ Երևանում. մեղադրյալի ընկերոջ միջամտությունը կանխել է սպանությունը
SocietyԵրևանի բնակիչ Հայկ Դավթյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Արմենպրեսին հայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից:
Հայկ Դավթյանը իր ընկերոջ՝ Գ.Մարգարյանի հետ գտնվելով իր ծանոթ Ռոզա Զոհրաբյանին պատկանող բնակարանում, նշված բնակարանն իր կողմից վաճառելու հանգամանքը հերքելու կապակցությամբ վիճաբանել է Ռոզա Զոհարբյանի ամուսնու Արայիկ Մխիթարյանի հետ:
Վիճաբանության ընթացքում իր արժանապատվությունը ոտնահարված համարելով` ապօրինաբար Արայիկ Մխիթարյանին կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ գտնվող սուր կտրող ծակող գործիք հանդիսացող դանակով հարվածներ է հասցրել նրան` վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս: Սակայն, իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել շարունակել դանակով հարվածներ հասցնել Արայիկ Մխիթարյանին. Գ.Մարգարյանը միջամտել է վիճաբանությանը` մեղադրյալի ձեռքից բռնի ուժով վերցնելով դանակը:
Վերը նշված քրեական հոդվածով` մեղադրյալին սպառնում է վեցից տասներկու տարի ժամկետով ազատազրկում:
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը Հայկ Դավթյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը: