Անցկացվել են «Մենք զինվոր ենք» խորագիրը կրող առաջին երիտասարդական մրցույթները
SocietyՔանաքեռ-Զեյթուն Ծարավ Աղբյուր 7 հասցեում գտնվող զորամասում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Երևանի խորհրդի և «Հետախույզների միավորում» ՍՀԿ համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Մենք զինվոր ենք» խորագիրը կրող ծրագիրը, տեղեկացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մամուլի ծառայությունը:
Ծրագրի մեկնարկը տրվել է սթրայքբոլ խաղով, որին մասնակցել են ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի, «Հետախույզների միավորում» ՍՀԿ-ի, Աշխարհազոր երիտասարդական կրթական ՀԿ-ի և վերոնշյալ հասցեում գտնվող զորամասի թիմերը: Խաղը կազմակերպվել էր Մովսես Գորգիսյանի անվան Սթրայքբոլի հայկական ֆեդերացիայի աջակցությամբ:
Մրցույթի ավարտից հետո երիտասարդները ճաշել են զինվորների հետ, անմիջական շփման միջոցով նոր ծանոթություններ հաստատել, ինչպես նաև առավել հստակ պատկերացում կազմել զինվորական առօրյայի վերաբերյալ:
Նույն թիմերը հաջորդիվ մասնակցել են ծրագրի շրջանակներում կազմակերպված «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղին:
Խաղին հաջորդել է համերգային ծրագիր, որի ավարտին ամփոփվել են մրցույթների արդյունքները և տեղի է ունեցել մրցանակաբաշխությունը:
Ջերմ մթնոլորտում և առողջ մրցակցության պայմաններում ընդհանուր արդյունքով հաղթող է ճանաչվել վերոհիշյալ զորամասի թիմը:
Ինչպես նշել է ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը ծրագրի ավարտից հետո, նման նախաձեռնությունները մեծ ներդրում ունեն բանակ-հասարակություն կապի ամրապնդման և զինվորական կյանքի հետ անմիջական առնչություն չունեցող երիտասարդների մոտ բանակի վերաբերյալ ճիշտ պատկերացում կազմելու գործում: Նա նաև հույս է հայտնել, որ նման ծրագրերը
կկրեն շարունակական բնույթ:




