Ախալքալաքում բացվեց ՋԱՀ-ի գրասենյակն ու տեղի ունեցավ Ջիվանու տուն-թանգարանի հիմնարկեքը
Societytert.am-ը գրում է.
Հուլիսի 25-ին Ախալքալաքում բացվեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանյան ներկայացուցչության գրասենյակը։ Նախքան ՋԱՀ-ի գրասենյակի բացումը Կարծախում տեղի ունեցավ Ջիվանու տուն-թանգարանի հիմնարկեքի արարողությունը։Երկու արարողություններին էլ ներկա էին բազմաթիվ հյուրեր, ինչպես Սամցխե-Ջավախքի ամբողջ շրջանից, Թբիլիսիից այնպես էլ Հայաստանից։
ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը Ջիվանու տուն-թանգարանի հիմնարկեքի արարողության ժամանակ ասել է հետեւյալը․ «Ջիվանու նկատմամբ սերունդների պարտքը այսօր կատարվում է։ Կարծում եմ, նրա լուսավոր հոգին այսօր ուրախության և հուզմունքի պահեր է ապրում»։
Ինչպես նշվեց «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամի գրասենյակի բացման արարողության ընթացքում՝ ՋԱՀ-ի առաքելությունն է նպաստել Վրաստանի Սամցխե-Ջավախք նահանգի և Ծալկայի շրջանի հայության հասարակական կյանքի տարբեր ոլորտների զարգացմանը և հայ-վրացական համագործակցությանը:
Հիմնադրամի ղեկավար մարմինների խոսքերով՝ ներկայացուցչության բացումը գործնական քայլ է եւ նրանց կարծիքով դա կնպաստի կարճ ժամանակահատվածում շոշափելի առաջընթաց գրանցել։