«Հուսո առագաստ-2015»-ը բեմելու հնարավորություն կտա երիտասարդ հեղինակ- կատարողներին
CultureԵրիտասարդ հեղինակ-կատարողներին բացահայտելու և նրանց գործունեությանը նպաստելու նպատակ ունեցող «Հուսո առագաստ-2015» հեղինակային երգի համահայկական փառատոնը մեկնարկում է: Բարդերի ակումբի և Հայաստանի կոմպոզիտորների միության համատեղ կազմակերպած միջոցառումը կանցկացվի երկու փուլով: «Հուսո առագաստ-2015» փառատոնի տնօրեն, երգահան Վախթանգ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հուլիսի 25-ի ն տեղեկացրեց, որ փառատոնի առաջին փուլն անցկացվելու է Սևանում հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը: «Բավականին երկար ժամանակ է՝ փառատոնային հանդիպում չենք ունեցել: Հուսով ենք՝ կընդգրկենք մեր երիտասարդ ընկերներին: Փորձը ցույց է տալիս, որ ամեն փառատոնից 3-5 հոգի համալրում է մեր բանակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Վախթանգ Հարությունյանը:
Երգահանը տեղեկացրեց, որ երկրորդ փուլը կանցկացվի օգոստոսի 26-28-ը Դիլիջանի կոմպոզիտորների միության հանգստյան տանը: «Դիլիջանում գալա համերգ կանցկացվի, մրցանակների հանձնում: Փառատոնին մասնակցելու համար մինչև հուլիսի 31-ը ցանկացողները կարող են հայտեր ուղարկել: Այն ներկայանալու հնարավորություն չունեցող երիտասարդներին հարթակ է տրամադրում: Լավագույն տասնյակի երգերը կձայնագրենք կոմպոզիտորների միության ստուդիայում, իսկ Բարդերի ակումբն էլ ձայնասկավառակներով տարածելու հնարավարութուն կունենա»,-հավելեց Վախթանգ Հարությունյանը:
«Հուսո առագաստ-2015» փառատոնի տնօրենը տեղեկացրեց, որ վերջին գալա համերգի հասույթն ուղղվելու է Դիլիջանի երաժշտական դպրոցում կիթառային դասարանի ստեղծմանը: «Սա նմանատիպ փառատոն կազմակերպելու երրորդ փորձն է, 90-ականներին և 2000-ականներին ենք կազմակերպել: Յոթ տարի փառատոն չենք անցկացրել»,-նշեց նա:
Գեղարվեստական ղեկավար Էդվարդ Զորիկյանն էլ հավելեց, որ փառատոնը տարիքային սահմանափակում չի դնում: «Որևէ թեմա չկա, որի շուրջ պետք է երգ ներկայացնեն»,-ընդգծեց նա:
Փառատոնի նախաձեռնողները կազմակերպելու են իրադարձությանը մասնակցել ցանկացողների տեղափոխումն ու վերադարձը Սևան և Դիլիջան, ինչպես նաև կեցության և սննդի հարցերը: