Ադրբեջանում աշխատավորն ինքնահրկիզվել է աշխատավարձ չստանալու պատճառով
SocietyԱդրբեջանի Սումգայիթ քաղաքի բնակիչ Մուհամեդ Ալիեւը, որը վերջին 6 ամիսներին չի կարողացել ստանալ իրեն հասանելիք աշխատավարձը, իր աշխատավայրի դիմաց ինքնահրկիզման հրապարակային գործողություն է իրականացրել:
Ինչպես հաղորդում է ANS PRESS լրատվական գործակալությունը, 60-ամյա Ալիեւը մահացել է Բաքվի Հանրապետական այրվածքաբանական կենտրոնում:
Հանգուցյալի քույրը պատմել է, որ եղբայրը ինքնահրկիզման գործողության է դիմել այն պատճառով, որ 6 ամիս չի կարողացել շինարարկան ընկերությունից ստանալ իր աշխատավարձը, որտեղ նա աշխատում էր վերջին 7 տարիներին:
«Ընկերության ղեկավարությունը չի ցանկացել վճարել նրա աշխատավարձը:Եղբայրս դուրս է եկել փողոց եւ բենզինով հրկիզել իրեն»,- ասել է նա:
Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` այս տարվա ընթացքում սա մահվան ելքով ինքնահրկիզման 3-րդ դեպքն է այդ երկրում: 2015 թվականի ընթացքում Ադրբեջանում արդեն 107 ինքնասպանության դեպք է գրանցվել: 2014 թ-ին այդ երկրում 240 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 16-ն անչափահասներն են գործել:14 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում:
Ադրբեջանում 2014 թվականի ընթացքում ինքնահրկիզման են դիմել 13 քաղաքացիներ, որոնցից 7-ը` ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքները իշխանություններից կողմից խախտման, կաշառքի պահանջի եւ այլ պատճառներով: