Վանաձորցիները չմիացան «Ոտքի՛, Հայաստան» շարժման երթին (տեսանյութ)
SocietyԻնչպես հայտնում է Orer.am-ը, նախօրեին «Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամները Վանաձորի Արցախ պուրակում շտապ հանրահավաք էին կազմակերպվել, որի ժամանակ բնակիչներին հայտնեցին, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ համազգային պայքարը շարունակվում է, և կոչ արեցին վանաձորցիներին միանալ հուլիսի 27-ին դեպի Երևան մեկնարկող բողոքի երթին:
Վանաձորցիներին տեղեկացվեց, որ նախաձեռնությունն արդեն Հանրապետության հրապարակում նստացույց է հայտարարել, որին հաջորդելու են դրանից բխող այլ գործողություններ: Մյուս խումբն այսօր Գյումրիից երթով շարժվելու էր դեպի Երևան:
Երթին, ըստ նախաձեռնության, միանալու էին բոլոր քաղաքներից, այդ թվում՝ Վանաձորից: «Երթով քայլելու ենք և ցույց ենք տալու, որ չեն կարողանալու թանկացնել, ու մենք գնալու ենք բոլոր քայլերին: Օգոստոսի 1-ը վերջնաժամկետ է, որովհետև սակագինը թանկացնելու որոշումը ուժի մեջ է մտնելու, դրանից հետո աուդիտ անեն, չանեն, որևիցե բան չի փոխվելու:
Մինչ այդ պետք է չեղարկել, դրանից հետո ասելու են՝ գնացեք դատարան, իսկ մենք գիտենք՝ դատարան գնալով՝ ուր ենք գնում. գնում ենք փակուղի:
Խնդրում եմ՝ առաջիկա զարգացումներին պատրաստ լինենք ու միասին չթողնենք, որ սակագինը թանկանա, և չթողնենք, որ հակասահմանադրական փոփոխությունները իրականանան»,- շարժման նպատակն ու գործողություններն էին վանաձորցիներին ներկայացրել նախաձեռնող խմբի անդամները:
Չնայած նախօրեի հանրահավաքն էլ սակավամարդ էր, բայց այսօրվա երթի նախապատրաստումը Վանաձորում ուղղակի ապշեցրեց: Երթի մեկնողներն Արցախ պուրակում ընդամենը 4-5 հոգի էին՝ այն էլ շարժման անդամներ:
Փոխարենը Արցախ պուրակի կենտրոնի բացօթյա սրճարանում որոշակի թիվ էին կազմում շարժմանն ու երթին հետևող ոստիկանները:
Ադրինե Թորոսյան