Ներկոալիցիոն գզվռտոց Թուրքիայում
AnalysisԹուրքիայի՝ կոալիցիա կազմելու փորձերը, կարծես, այդքան էլ հաջողությամբ չեն պսակվում:
Այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարեց վարչապետ Ահմեդ Դավութօղլուն սկսել կառավարություն կազմելու գործընթացը, վարչապետը սկսեց ակտիվորեն հանդիպումներ ունենալ կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ հանդիպումից հետո Դավութօղլուն հայտարարեց, որ ԱՇԿ-ն չի ցանկանում կոալիցիոն կառավարությանը մաս լինել:
Զարմանալիորեն, Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին վարչապետ Դավութօղլու հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իր կուսակցությունը ցանկություն չունի մասնակցելու ցանկացած կոալիցիոն կառավարությանը, քանի որ իրենք գլխավոր ընդդիմադիր կուսակցության դերն են ստանձնել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից ի վեր:
Հանդիպումից հետո, չնայած բացասական պատասխանին, Դավութօղլուն, արտահայտեց իր մեծ հարգանքը կուսակցության հանդեպ և նշեց, որ կողմերը շարունակում են փոխանակել կարծիքներ: http://www.hurriyetdailynews.com/mhp-leader-tells-turkish-pm-they-are-not-willing-to-take-part-in-coalition-govt.aspx?pageID=238&nID=85443&NewsCatID=338
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթին Դեմիրթաշի հետ բանակցությունները տևեցին մոտ 2 ժամ, ինչի արդյունքում նույնպես համաձայնություն չգրանցվեց: Այնուամենայնիվ, Դավութօղլուն այդ հանդիպումից հետո հայտարարեց, որ Դեմիրթաշի կեցվածքում փոփոխություն է նկատել։
ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը, անդրադառնալով կոալիցիոն կառավարության հարցին, նշել է, որ երկրում կայունության շարունակման համար ամենակարևորն այն է, որ ընտրությունների արդյունքներին ճիշտ վերաբերմունք ցուցաբերվի և երկիրն առանց կառավարության չթողնելու ջանքեր գործադրվեն: Բոզքիրի կարծիքով՝ կառավարություն կազմելու գործընթացը այժմ միայն ԱԶԿ-ի ձեռքում չէ և այն կախված է նաև մյուս կուսակցություններից: Բոզքիրը վստահեցրել է նաև, որ կոալիցիա կազմելու գործընթացի ձախողման դեպքում արտահերթ ընտրություններ կազմակերպելը խնդիր չէ:
Կոալիցիոն կառավարության վերաբերյալ իր կարծիքն է հայտնել նաև Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ նշելով, որ ընտրություններից հետո այժմ եկել է հանդիպումների, զրույցների, համաձայնությունների և երկխոսության ժամանակը:
Կարելի է փաստել, որ անորոշությունը Թուրքիայի կառավարության ձևավորման գործընթացում դեռ շարունակվում է՝ նվազեցնելով կանխատեսելիությունը ապագա գործընթացների նկատմամբ և, հետևաբար, վնասելով երկրի տնտեսական միջավայրի գրավչությունը ներդրողների համար: Նման անորոշությունը, հատկապես, խոցելի է դարձնում թուրքական իշխանություններին ներկայիս անվտանգության միջավայրում և մարտահրավերներին դիմակայելու հարցում:
Հասմիկ Այվազյան