Հայկական երգն ու պարը Լիսաբոնում գրավել են այլազգիներին
Culture«Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ն Լիսաբոն քաղաքում հունիս-հուլիսին կազմակերպել է հայ ավանդական երգ ու պարի դասընթաց։ Այն տեղի է ունեցել Գյուլբենկյան հիմնադրամի այգում գտնվող բացօթյա ամֆիթատրոնում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջոցառումն անցկացնելու համար տրամադրվել են անհրաժեշտ ձայնային տեխնիկական սարքավորումներ, որոնց շնորհիվ հայկական երաժշտությունը մի քանի ժամ հնչել է լիսաբոնյան այգում։
Չնայած Լիսաբոնում հայերը մեծաթիվ չեն, բայց մասնակցել են կազմակերպված միջոցառմանը։ Մասնակիցները հիմնականում ուսանողներ և աշակերտներ են եղել, ինչպես նաև նրանց ծնողները:
Պարերի ուսուցմանը մեծ աջակցություն են ցուցաբերել տեղի մասնագետ Նարե Սուքիասյանը և հայկական պարերի գիտակ Լիա Խաչատրյանը։ Երգերի ուսուցումն անցկացրել է «Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ի նախագահ, երաժիշտ Նարինե Դելլալյանը։ Որպես կանոն` հայկական խմբին միացել են նաև օտարազգիներ՝ չինացի, ֆրանսիացի, ամերիկացի, աֆրիկացի, պորտուգալացի։ Բոլոր մասնակիցներին բաժանվել են նաև «Մշակութային ժառանգության վերածնունդ» անվանումով տեսա և ձայնասկավառակներ, տեղեկատվական գրքույկներ, որոնք թողարկվել և լույս են ընծայվել ՀՀ Նախագահի ա շխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
«Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ն նախագահական դրամաշնորհի շրջանակներում ազգային երգ ու պարի դասընթացներ է կազմակերպել նաև ՀՀ 4 մարզերում։ Պարերն ուսուցանել է «Կարին» ավանդական երգ ու պարի համույթը։ Թողարկված ձայնասկավառակում տեղ են գտել Հայրիկ Մուրադյանի կատարվմամբ 8 երգեր, իսկ տեսասկավառակում ներկայացված են 8 ազգագրական պարերի կատարումներ և ուսուցում՝ իրենց բացատրություններով։ Սկավառակներում տեղադրված տեղեկատվական գրքույկում ամփոփված են երգերի նոտաներն ու բառերը, ինչպես նաև ինֆորմացիա՝ ներկայացվող պարերի, դրանք գրառողների մասին։