Կոռուպցիայի դեմ պայքարում ԱՄՆ ՄԶԳ-ն կօժանդակի ՀՀ կառավարությանը
SocietyՀՀ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում ակտիվորեն կհամագործակցի ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ; Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարությունում ընթացող Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդրանիկ նիստում հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Նախարարը նշեց, որ ամերիկյան կողմը կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարության կողքին է և պատրաստ է օժանդակություն ցուցաբերել: «Այդ նպատակով ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև կստորագրվի համագործակցության համաձայնագիր, որով նախատեսվում է չորս ուղղություններով` կրթություն, պետական եկամուտներ, առողջապահություն և ոստիկանություն, իրականացնել կոռուպցիայի դեմ պայքարի համապատասխան ծրագրեր: Սա կառավարության հետ արդյունավետ համագործակցության վառ օրինակ կլինի»,- ասաց Հարությունյանը:
Համաձայնագրով ԱՄՆ ՄԶԳ-ն ծրագրերի իրականացման գործում կունենա 750 հազար դոլարի ֆինանսական մասնակցություն: Ծրագրերը կիրականացվեն նաև ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Համաձայնագրի նախագիծը կընդգրկվի կառավարության առաջիկա նիստի օրակարգում` այն հաստատելու համար:
Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդրանիկ նիստն ընթանում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ: Խորհրդի կազմում ընդգրկված են և նիստի աշխատանքներին մասնակցում են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, «Թրանսափարենսի ինտերնեյշնլ» ՀԿ-ի և ԱՄՆ ՄԶԳ-ի, ինչպես նաև այլ ՀԿ-ների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդի նիստին ԱԺ ընդդիմադիր խ մբակցությունների ներկայացուցիչներից մասնակցում է միայն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:
Խորհուրդն օրակարգային առաջին հարցով քննարկեց և հաստատեց ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը, որը կընդգրկվի կառավարության առաջիկա նիստի օրակարգում, այն հաստատելու համար: Նոր ռազմավարությունը ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը: