«Ժիզել» բալետը հինգ տարվա ընդմիջումից հետո Հայաստանի գլխավոր թատրոնի բեմում է
Culture«Ժիզել» երկու գործողությամբ բալետային ներկայացումը մի քանի տարվա ընդմիջումից հետո Հայաստանի գլխավոր թատրոնի բեմում է: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 28-ին ներկայացվեց ֆրանսիացի կոմպոզիտոր Ադոլֆ Ադանի հանրահայտ ստեղծագործությունը:
Ներկայացումը վերականգնող բալետմայստերն է ՀՀ ժողովրդական արտիստ, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմեյստեր Վիլեն Գալստյանը:
Ժողովրդական արտիստը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ներկայացումը հինգ տարուց ավելի բեմ չի բարձրացել:
««Ժիզել»-ը մոտ 25 տարի եղել է մեր բեմում: Պատկերացրեք` ինչ զգեստներ, դեկորներ մնացել էին խղճուկ, մաշված վիճակում: Ցանկացա, որ «Ժիզելը» դուրս գա բեմ: Մի քիչ ինքնագործ բալետմեյստերն ասում են` իմ ձևով բեմադրեմ «Ժիզել»-ը: Ես ինձ թույլ չեմ տալիս ասել դա: Կլինի անազնիվ: Այս ներկայացումը ակադեմիական, դասական բալետ է»,- նշեց Վիլեն Գալստյանը` հավելելով, որ աշխատել է սրբորեն պահպանել «Ժիզել»-ը:
«Պարագաներից, դեկորներից սկսած մինչև զգեստներ` ամեն ինչ նոր է: Բոլորը երջանիկ աշխատել են ներկայացման վրա, առանց տարաձայնությունների, ընդհարումների»,- նկատեց Վիլեն Գալստյանը:
Ներկայացման մեջ ներգրաված են թատրոնի առաջատար արտիստներ Ժակլին Սարխոշյանը, Սյուզի Փիրումյանը, Ռուբեն Մուրադյանը, Սևակ Ավետիսյանը և այլք: Բալետային ներկայացման դիրիժորն է ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը:
«Ժիզել» բալետի հիմքում ընկած
Ա. Ադանի դրամատիզմով հարուստ այս ստեղծագործության շնորհիվ բեմում ներկայացվում են շքեղ տեսարաններ: Ներկայացումը հարուստ է ակնառու գործողություններով, նրբագեղությամբ և բալետային ինքնատիպ ձեռագրով: «Ժիզելը» ռոմանտիկական բալետի բարձրակետն է համարվում, որը համաշխարհային հեղինակավոր թատրոնների մշտական խաղացանկի ամենից պահանջված ստեղծագործությունների ցանկում է:
«Ժիզել» բալետով կեզրափակվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 82-րդ թատերաշրջանը: