Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատունը կիսամյակն ամփոփել է մուտքերի աճով
SocietyՖինանսների նախարարության ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան հայտարարատուների մոտ 70 տոկոսը գործունեություն է ծավալում ԵԱՏՄ անդամ երկրներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մաքսատան պետ Սուրեն Ղազարյանի հավաստմամբ` 2015 թվականից` միությանն անդամակցությամբ, բավականին պարզեցվել է ենթաակցիզային ապրանքների արտահանման և ներմուծման ամբողջ գործընթացը. «ԵԱՏՄ դրոշմանիշերը չեն հսկվում, հաշվառվում և ոչ մի մաքսային ռեժիմով չեն ձևակերպվում Հայաստանի մաքսային մարմինների կողմից»:
Սակայն ԵԱՏՄ անդամ պետությունների հետ ընդհանուր ցամաքային սահմանի բացակայությամբ պայմանավորված` մաքսատան ղեկավարի տեղեկացմամբ` ապրանքների տեղափոխման դեպքում հայտարարատուները Ռուսաստանից «Վերին Լարս» անցակետով դեպի Հայաստան տեղափոխվող ապրանքների համար պետք է ունենան տարանցման հայտարարագիր, և ստուգեն դրանում «մաքսային միության ապրանք» կարգավիճակի առկայությունը, որպեսզի ապրանքների նկատմամբ մաքսային ընթացակարգեր չկիրառվեն:
Պայմանավորված մասնագիտացված մաքսատանը բնորոշ առանձնահատկություններով՝ կառույցում էապես բարձրացվել է մատուցվող ծառայությունների որակը, նվազագույնի հասցվել շփումը մաքսավորի հետ՝ չթուլացնելով հսկողությունը: «Թեպետ ձևակերպումների ընթացքում մաքսավորը գրեթե չի առնչվում հայտարարատուի հետ, սակայն, ըստ, անհրաժեշտության, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները կարող են պարզաբանում ստանալ մաքսատան աշխատակիցներից. յուրաքանչյուր հարց մանրամասն քննարկվում է և անմիջապես լուծում ստանում: Իսկ անցումը ԵԱՏՄ պահանջներին սահուն կազմակերպելու համար մաքսատունն ակտիվ իրազեկում է հայտարարատուներին նոր ընթացակարգերի մասին»,-ընդգծել է Սուրեն Ղազարյանը:
Մաքսատան հայտարարատուները փաստում են, որ միությանն անդամակցությամբ առավել պարզեցված ընթացակարգերով բարենպաստ պայմաններ են ստեղծվել բիզնեսի համար: 2015 թվականի հունվար-հունիսի ցուցանիշով ենթաակցիզային ապրանքներից գերակշռում են ոգելից խմիչքների ներմուծումն ու արտահանումը: Սուրեն Ղազարյանը փաստել է, որ ակցիզային մաքսատունը կիսամյակն ամփոփում է էական աճով. «Մաքսատան մուտքերն ավելացել են 2014թ.-ի առաջին կեսի համեմատ և դա առանց Մաքսային միության երկրներից ներկրվող այնպիսի ապրանքների, ինչպիսին են բենզինը, ոգելից խմիչքը, ծխախոտը» ;:
ԵԱՏՄ երկրներից ներմուծվող ենթաակցիզային ապրանքների մաքսային հսկողություն և ձևակերպումներ չեն իրականացվում, քանի որ այդ ապրանքների վճարներն արդեն հարկային մարմինն է գանձում՝ ներմուծման օրվան հաջորդող ամսվա մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում: