Դատախազությունը չի հաստատել խարդախության գործով Լևոն Հայրապետյանին ներկայացված մեղադրական եզրակացությունը
SocietyԴատախազությունը չի հաստատել ռուսաստանաբնակ հայ գործարար Լևոն Հայրապետյանի դեմ խարդախության գործով կայացված մեղադրական եզրակացությունը:
ՏԱՍՍ լրատվական գործակալությանը այս մասին հայտնել է Լևոն Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը: «Այսօր դատախազը հայտնել է, որ խարդախության մեղադրանքով Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործը վերադարձվել է Քննչական կոմիտե առանց մեղադրական եզրակացության հաստատման` մեղքն ապացուցող ապացույցների չբավարարելու համար»,- հուլիսի 30-ին ասել է փաստաբանը:
Մարգարյանի խոսքով, պաշտպանությունը բազմիցս պնդել է դադարեցնել քրեական գործը, «քանի որ գործի առնչությամբ հավաքված ապացույցները ածանցյալ են ցմահ դատապարտված, նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մոր տված վկայություններին, ով բավարար հիմքեր ունի Հայրապետյանին զրպարտելու համար:
Մոսկվայի դատարանը քննարկել է նաև դատապաշտպանի ներկայացրած բողոքը` Լևոն Հայրապետյանի տնային կալանքի երկարաձգման մասին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», դատարանն օրինական է համարել տնային կալանքի երակաձգման մասին որոշումը: Լևոն Հայրապետյանը տնային կալանքի տակ կմնա մինչև սեպտեմբերի 15-ը:
Լևոն Հայրապետյանը մեղադրվում է 2009 թվականին «Բաշնեֆտ»-ի վաճառքի խարդախության մեջ մասնակցության, ինչպես նաև` Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևից 700 հազար դոլար հափշտակելու մեջ: